ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Սան Ֆրանցիսկոյում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում ունեցած բանակցություններից հետո չի փոխել կարծիքը նրա մասին՝ որպես «բռնակալի»։ «Լսեք, այդպես է որ կա։ Նա բռնակալ է այն իմաստով, որ այդ տղան կառավարում է կոմունիստական երկիր, որի կառավարությունը լրիվ տարբերվում է մերից»,- ասել է Բայդենը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք փոխել է կարծիքը բանակցություններից հետո, գրել է Bloomberg-ը։ Բայդենը Սի Ծինփինին անվանել էր «բռնակալ» հունիսին՝ մեկնաբանելով պատմությունը ԱՄՆ երկնքում խփված չինական օդապարիկի մասին։ Բայդենի խոսքով՝ Սի Ծինփինը հուսախաբված էր, քանի որ չգիտեր այդ առաքելության մասին։ «Դա մեծ խայտառակություն է բռնակալների համար։ Երբ նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել։ Դա չպետք է տեղի ունենար այնտեղ, որտեղ տեղի էր ունեցել։ Նա ճանապարհից շեղվել էր»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը։