Իտալացի դիզայներ Ալբերտո Մորեթթիի կողմից ստեղծված 24 կարատանոց ոսկե տղամարդկանց և կանացի կոշիկները այս աշուն վաճառքի են հանվել Դուբայում գտնվող Level Shoe District բուտիկում:
«Բոլորին հայտնի է, որ Մերձավոր Արևելքում, հատկապես Պարսից ծոցի երկրներում, հարուստ հաճախորդները մեծ ուշադրություն են տալիս լյուքս դասի զարդերին և հագուստներին: Այդ պատճառով պատահական չէ, որ ոսկե կոշիկը առաջինը հայտնվել է հենց Դուբայում: Տեղի սպառողները, ովքեր հնարավորություն են ունեցել աշխարհում ամեն ինչ տեսնել, պետք է իմանան, որ կարող են ձեռք բերել իսկապես էքսկլյուզիվ մի բան»,- լրագրողներին պատմել է ներմուծող կազմակերպության ներկայացուցիչ Ռանիյա ալ Մասրին:
Ոսկե կոշիկը ամբողջությամբ ձեռագործ է: Մորեթթին որպես հիմք օգտագործել է թավիշը, որի վրա հատուկ միջոցով ամրացրել է մաքուր ոսկի: Աշխարհում կան ընդամենը մի քանի վարպետներ, որոնք իվիճակի են կատարել նման աշխատանք:
Ալբերտո Մորեթթիի ձեռքի աշխատանք ոսկե կոշիկների մեկ զույգի գինը Դուբայում կազմել է 4-4,8 հազար դոլար: Սպասվում է, որ երեք ամիս հետո այս կոշիկները վաճառքի կհանվեն նաև այլ պետություններում: