Հռոմի Պապը, ով վերջերս է նշել իր 77 ամյակը, պատրաստվում է դիմավորել առաջին Սուրբ ծնունդը որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդ: Դեկտեմբերի 25-ի կեսօրին Սուրբ Պետրոսի անվան տաճարի պատշգամբից նա պատրաստվում է իր ավանդական ուղերձը հղել հավաքված բազմությանը:

Տոների նախօրեին պոնտիֆիկոսը կիսվել է կաթոլիկ քրիստոնյաների համար այս կարևոր միջոցառման մասին մտքերով: «Սուրբ ծնունդը ինձ համար դա հույս է և քնքշություն»,- խոստովանել է Ֆրանցիսկը:

Նա պատմել է իր սովորության մասին` գիշերը ծիսակարգի ավարտից հետո մնալ եկեղեցում անհատական աղոթքի համար, որը ավարտում է արևածագին: «Ինձ համար Սուրբ ծնունդը նաև Աստծո բացահայտումն է, ով հայտնվում է իր ժողովրդին, ինչպես նաև Սուրբ ծնունդը մխիթարություն է, գաղտնի մխիթարություն»:

Նրա խոսքերով եկեղեցին, որը մոռանում  է Աստծո հույսի և քնքշության մասին, դառնում է «սառը եկեղեցի, որը չգիտի, թե որտեղ գնալ և ընկնում է գաղափարախոսության և աշխարհիկ ոգու կապանքների մեջ»: Հռոմի Պապ Ֆրանցիսկը նաև դեմ է արտահայտվել Սուրբծննդյան տոները գռեհիկ դարձնելու դեմ: «Երբ մարդ թույլ է տալիս դա իրեն, ապա նա այդ տոնը ապրում է աշխարհիկ զվարճանքով: Սակայն խորը ուրախության և աշխարհիկ զվարճանքի միջև կա տարբերություն»,- նշել է Հռոմի Պապը:

Իտալական «Stampa» պարբերականին տված իր հարցազրույցի վերջում Ֆրանցիսկը խոստովանել է, որ երբեք չի էլ կարողացել ենթադրել, որ մի օր դառնալու է Հռոմի Պապ, սակայն երբ ընտրությունը տեղի է ունեցել, նա այդ ուղղությամբ մտածելու ժամանակ չի պահանջել և միանգամից համաձայնվել է: Այս մասին հաղորդում է Итар Тасс-ը: