Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որն անցած տարեվերջին դարձավ 87 տարեկան, ինքնակենսագրություն է գրել։ Այն լույս կտեսնի Եվրոպայում եւ Ամերիկայում մարտի 19-ին՝ Սուրբ Հովսեփի օրը, որը կաթոլիկները նշում են Հոր օրը։ Ինչպես գրել է Corriere della Sera թերթը, «Կյանք. իմ պատմությունը Պատմության մեջ» (Life. La mia storia nella Storia) անունը կրող գրքում ներկայացվել են հուշեր մանկության եւ իտալական ծագման մասին, եկեղեցական կյանքի, սեռական կողմնորոշման շուրջ բանավեճերի մասին։

Ֆրանցիսկոսը գրում է, որ առիթ չունի հրաժարվելու պապական աթոռից։ «Կարծում եմ, որ պապական ծառայությունը ցմահ է, եւ հրաժարվելու նախադրյալներ չեմ տեսնում։ Գուցե ինչ-որ մեկը հույս ուներ, որ վաղ թե ուշ, հոսպիտալացումից հետո կհայտարարեի [հրաժարականի] մասին, բայց նման ռիսկ չկա. շնորհակալություն Տիրոջը, լավ առողջություն ունեմ եւ, տա, Աստված, էլի շատ նախագծեր, որոնք պետք է իրականացնել»,- գրել է հովվապետը։

Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին օրհնելու որոշման մեջ Ֆրանցիսկոսը եկեղեցու պառակտման վտանգ չի տեսնում։ Մասնավորապես, Աֆրիկայում հայտարարել են, որ չեն հետեւելու այդ ուղղությանը։ «Ես ցանկանում եմ միայն ասել, որ Աստված սիրում է բոլորին, հատկապես մեղավորներին։ Եվ եթե եպիսկոպոս եղբայրները որոշեն չօրհնել, դա դեռ չի նշանակում, թե եկեղեցին կպառակտվի, որովհետեւ դոկտրինը ոչ ոք չի վիճարկում»,- գրել է պապը։ Նա ընդգծել է, որ եկեղեցական նույնասեռական ամուսնությունները անհնար են, բայց գոյություն ունեն քաղաքացիական իրավունքներ այդպիսի զույգերի համար։ «Հիսուսը հաճախ մարդկանց, մարգինալների հետ միասին եղել է մայթեզրին, եւ եկեղեցին այսօր պետք է իրեն պահի ԼԳԲՏ+ ներկայացուցիչների հետ, որոնք հաճախ մարգինալացվում են, այդ թվում եկեղեցու գրկում»,- կարծում է Ֆրանցիսկոսը։

Նա նաեւ կարծում է, որ Վատիկանում տարբեր ներքին ուժեր փորձել են օգտագործել իր նախորդ Բենեդիկտոս XVI-ին, որը հրաժարվեց աթոռից, իր դեմ։ Ֆրանցիսկոսը հիշում է, որ Յոզեֆ Ռատցինգերը սկզբում ցանկանում էր լիովին հեռանալ եկեղեցուց եւ ապրել «գաղտնի», բայց հետո նրանք միասին որոշեցին, որ Բենեդիկտոսը պետք է շարունակի մասնակցել եկեղեցու կյանքին։