Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Հաջիմբան պատրաստվում է երդմնակալությունից հետո այց կատարել Ռուսաստան: Այցը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Այս մասին նախագահը հայտնել է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: 

«Ինչ վերաբերում է Մոսկվա այցին, ապա ամենագլխավոր խնդիրը մեր փոքր երկրի համար կայանում է Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու մեջ»,-ասել է նա:

Աբխազիայի նորընտիր նախագահը հույս է հայտնել, որ մինչև այս տարեվերջ կհաջողվի կարգավորել ՌԴ հետ նոր պայմանագրի նախապատրաստման հարցը:

«Սա սովորական գործընթաց է: Բոլոր համաձայնություններն ինչ-որ ժամանակ անց վերանայման կարիք են ունենում՝ հաշվի առնելով նոր իրողությունները, և այդ ժամանակը եկել է: Նոր փաստաթուղթը պետք է հաշվի առնի այն բարդությունները, որոնց հետ այսօր բախվում են Աբխազիան եւ Ռուսաստանը միջազգային ասպարեզում, եւ որոնք տեղ ունեն Վրաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր անվտանգության երաշխիքներն ավելի հստակ լինեն: Նոր համաձայնագրում կքննարկվեն սահմանի, Աբխազիայի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերը»,-նշել է նորընտիր նախագահը: