Իրավիճակը իշխանական համակարգում կարծես թե բավական լարված է: Դրան զուգահեռ էլ` անկասկած դատողություններ կան այն մասին, որ իրականում այս թվացյալ լարվածությունը թատրոն է, և որ այդ թատրոնն իշխանությունը չափազանց կարևոր որոշումից և ընտրությունից առաջ փորձում է խաղարկել, որպեսզի մի քիչ էլ դրանով փոշիացնի ընդդիմադիր տրամադրությունների վերջին բեկորները:

Ինչ վերաբերում է խնդրի, այսպես ասած, քաղաքական կողմին, ապա շատերն են փորձում հասկանալ, թե ինչո՞ւ պետք է իշխանության մեջ լինեն այդ աստիճանի հակասություններ: Ինչո՞ւ, օրինակ, պետք է իշխանության ինչ-որ մասը դուրս գա մյուս մասի դեմ, առավել ևս, որ նրանք միասին նույն նավակի մեջ են, նույն շահն ունեն, ունեն իրար միավորող շատ բան` հանցանքից մինչև անվտանգություն: Պարզապես խնդիրն այն է, որ քաղաքականության մասին պատկերացումը թյուր է կամ կիսատ է, կամ թերի է ոչ միայն իշխանական «էլիտայի», այլ նաև մյուս քաղաքական ուժերի զգալի մասի և հանրության մոտ: Այդ պատկերացումը սահմանափակվում է սևի և սպիտակի, չարի ու բարու, լավի ու վատի ծայրահեղ շրջանակում` կամ-կամ:

Քաղաքականությունը հաճախ է բերում կանգնեցնում այդօրինակ վիճակի առաջ, որոշում կայացնելու անհրաժեշտության առաջ` կամ-կամ, բայց ինքը երբեք այդպիսին չէ և կամ-կամ չի հանդուրժում: Քաղաքականությունը բազմաշերտ և բազմաբնույթ շահեր են, նպատակներ, արժեքներ, պատկերացումներ, որոնք ժամանակի անբաժանելի մասն են, որոնք կյանքից, աշխարհից կտրված չեն: Իսկ ժամանակն ու աշխարհը փոխվում են, փոխվում են խնդիրները, նպատակները, մոտեցումները, իրավիճակները:

Հայաստանն այդ փոփոխվող աշխարհի մաս է, և այդ փոփոխությունները չեն կարող ազդեցություն չունենալ թե՛ «էլիտայի» պահվածքի, թե՛ դրա շարժառիթների վրա: Այդ ազդեցությունը միգուցե շատ դանղաղ է, պետության և հասարակության համար նույնիսկ վտանգավորության աստիճանի դանդաղ, բայց այն կա: Ներիշխանական հակասությունները հենց այդ փոփոխությունների արդյունք են կամհետևանք, որովհետև աշխարհում կարծես թե պատասխանատվության մեխանիզմի փոփոխության հարց է դրված գլոբալ քաղաքականության օրակարգում: Կարծես թե փորձ է արվում այդ մեխանիզմի մասնակիցների թիվն ընդլայնել:

Երկրում կա դե յուրե նախագահ, վարչապետ, և կա դե ֆակտո իշխանություն: Այդ հասկացությունների մեջ այսօր կա զգալի անջրպետ, ինչն էլ աշխարհի համար, թերևս, մտահոգություններ է առաջ բերում կամ դեռևս պահպանում է դրանք Հայաստանի ներքին պատասխանատվության մեխանիզմի աշխատանքի առումով: Եվ աշխարհը լուծում է պահանջում, քանի որ ներերկրային գործընթացները չեն կարող շատ հետ մնալ աշխարհում պատասխանատվության նոր մեխանիզմի մշակման գործընթացից:

Բոլորովին այլ խնդիր է, թե ինչ որակի, ինչ բովանդակության և ինչ արժեհամակարգի առանցքով է իրացվելու այդ ներերկրային պատասխանատվությունը Հայաստանում: Դա արդեն ոչ այդքան աշխարհի, որքան Հայաստանի հասարակության խնդիրն է: Ներկայիս այդ որակի պարագան է, որ պատասխանատվության հարցը վերածել է ներիշխանական սրացող հակասությունների, քանի որ իշխանության սեգմենտները իրենք իրենց որակն ամենից լավ գիտեն ու պատկերացնում են, թե առկա որակի պայմաններում ինչ վտանգներով է հղի պատասխանատուների շրջանակից դուրս մնալը: