ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի գլխավորելիք դաշինքի և Սեյրան Օհանյանի ներքո ձևավորվելիք դաշինքի գործակցությունը: Այդ հայտարարությունը, սակայն, հազիվ թե հնարավոր լինի դիտարկել այդպիսի պրակտիկ գործակցության մեկնարկ: Բանն այն է, որ հրապարակավ բացառելու հիմք պարզապես չկա, հատկապես, երբ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է լայն դաշինք ձևավորելու կարգախոսով: Պրակտիկ գործակցությունը, մեղմ ասած, դժվարացնող և քիչ հավանական դարձնող հանգամանքները հրապարակի վրա չեն, բայց կան և ամենևին երկրորդական չեն:

Կասկած չկա, որ Գագիկ Ծառուկյանը գործակցությունը հնարավոր է համարում իր առաջնորդության ներքո: Մինչդեռ, այստեղ խնդիրներ են առաջանում Սեյրան Օհանյանի և նրա դաշնակիցների համար: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանը, չնայած ընդդիմադիր դիրքորոշման հայտին, այլևս չի ընկալվում այդպիսին: Հստակ է, որ Ծառուկյանը կորցրել է այն ընտրազանգվածը, որը նրան ընկալում էր իբրև իսկապես ընդդիմադիր: Ներկայումս Ծառուկյանի ազդեցության տակ է գտնվելու միայն այն ընտրազանգվածը, որի համար Ծառուկյանը պարզապես առավել նախընտրելի է, քան Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն: Իհարկե, այդ ընտրազանգվածը Հայաստանում քիչ չէ, նաև այն պատճառով, որ քիչ չէ Ծառուկյանի ֆինանսատնտեսական կարողությունը: Սակայն, դա արդեն այն դաշտն է, այն հարթությունը, հանրային այն շերտը, որտեղ Սեյրան Օհանյանը խոշոր հաշվով անելիք չունի: Օհանյանը ընդդիմադիր դաշտում կարող է խաղալ բոլորովին այլ հարթության վրա, որտեղ շոշափելի է առավել ինտելեկտուալ, ոչ լյումպեն, ֆինանսատնտեսական ակնկալիքների վրա շեշտադրում չանող հանրային շերտը, որը հանդես է գալիս առավել քաղաքական կամ ռազմա-քաղաքական շեշտադրումներով և օրակարգով: Այլ հարց է, թե այդ առումով Օհանյանը որքանով է հիմնարար տարբերություն ունենալու գործող իշխանության մոտեցումների հանդեպ, բայց հստակ է, որ այստեղ է պաշտպանության նախկին նախարարի «խաղադաշտը»: Գագիկ Ծառուկյանի հետ պրակտիկ գործակցության, առավել ևս դաշինքի պարագայում, Սեյրան Օհանյանը, փաստորեն, փոխում է խաղադաշտը, հայտնվում է արդեն լիովին այլ խաղի մեջ, որտեղ նրա անունը, ինչ խոսք, կարող է հավելյալ կշիռ հաղորդել Գագիկ Ծառուկյանին, բայց արդեն Օհանյանի կշռի հաշվին:

Միևնույն ժամանակ, անկասկած, բաց է հարցը, թե որքանով է Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում հանդես բերելու անկախ գործունեություն: Հարցը, թե արդյո՞ք նա կարող էր հատկապես 2015 թվականից հետո գործել Սերժ Սարգսյանից անկախ, ուղեկցելու է Ծառուկյանին նրա քաղաքական վերադարձի ամբողջ ընթացքում, նախընտրական ամբողջ արշավի ընթացքում: Ավելին, Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռանալուց հետո ոչ միայն սառը հարաբերություն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, այլ շատ ջերմ: Ավելին, Ծառուկյանն իր քաղաքականություն վերադարձը հիմնավորել է ավելի շուտ ոչ թե նրանով, թե իշխանությունն այդպես էլ ոչինչ չարեց իրավիճակը փոխելու համար, այլ նրանով, թե որևէ այլ քաղաքական գործիչ այդպես էլ ոչնչով չլցրեց վակուումը: Մինչդեռ, Սեյրան Օհանյանը քաղաքականություն է մուտք գործել լրիվ հակառակ ենթատեքստի խաղարկմամբ, թեև ոչ թե անձմաբ է խաղարկել այն, այլ ավելի շատ զանազան տեղեկատվական աղբյուրների և գործիչների միջոցով:

Խոսքը Սերժ Սարգսյանի հետ նրա հակասության մասին է: Այս ընթացքում՝ կառավարության փոփոխությունից և Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելու մասին տեղեկատվության խմորումից ի վեր, հետևողականորեն հայտնվում է այն մասին, որ Օհանյանը խնդիրներ և հակասություններ ունի հենց Սերժ Սարգսյանի հետ: Ակնհայտ է, որ այդ շեշտադրումով է նախկին նախարարը փորձում ձևավորել իր քաղաքական կարգավիճակի «սոցիալական բազան»: Թե ով ինչ չափով է հավատում կամ ընկալում այդ հենքը, բոլորովին այլ հարց է, բայց եթե Օհանյանը միանում է Ծառուկյանին, դառնում նրա դաշնակիցը, ապա մեծ հաշվով Ծառուկյանի վերադարձի և Սերժ Սարգսյանի կապի վերաբերյալ հարցերը արդեն տարածվում են նաև Սեյրան Օհանյանի վրա: Որովհետև այդ դաշինքում գլխավոր դեմքը լինելու է Ծառուկյանը՝ ոչ թե Օհանյանը: Հայաստանյան քաղաքական կյանքում հնարավոր չէ բացառել ոչինչ, քանի որ այդ կյանքը, ինչպես նաև դրանում ներգրավված սուբյեկտների մեծամասնությունը չունեն կայացած ավանդույթներից և ձևավորված գաղափարներից հյուսված ողնաշար, հետևաբար, քաղաքական դաշտում հնարավոր է ցանկացած ճկում, եթե այն հարմար է կուսակցական կամ խմբակային շահի համար: Սակայն իրավիճակային և նախընտրական միջնաժամկետ իմաստով քիչ է հավանականությունը, որ Սեյրան Օհանյանն իր քաղաքական մեկնարկը «կզոհաբերի» Գագիկ Ծառուկյանի քաղաքական վերադարձին: Մյուս կողմից՝ պետք չէ բացառել, իհարկե, որ Օհանյանին ներկայացվում է իշխանության այդպիսի առաջարկ, խորհրդարան անցնելու հնարավորություն, բայց Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո անցնելու պայմանով:

Նյութի աղբյուրը՝ 1-in.am