Այսօր տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման արարողությունը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով:

Բացի այդ երեք քաղաքական գործիչներից և նրանց քաղաքական ուժերից, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում են «Ժողովրդական», «Արդարություն» կուսակցությունները, «Միացյալ հայեր», «Կարմիր բերետներ» և «Անկախ դատարաններ» ՀԿ-ները։

Դաշինքային համաձայնագրի տեքստում նշվում է, որ այն բաց է քաղաքական այլ ուժերի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ և ԼՂՀ քաղաքական գործիչների համար:

«Այսօր պատմական օր է Հայաստանի պատմության մեջ: Մենք այո ենք ասում Հայաստանի ինքնիշխանությանը և ԼՂՀ-ի տարածքային ամբողջականությանը: Մենք անհավանական պայքար պետք է տանենք»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մեզ երեքիս շատ բան է միավորում և՛ անցյալում, և՛ այսօր: Երեքս էլ եղել ենք պետության ստեղծման ակունքներում: Սա մեր հազվագյուտ առիթներից մեկն է երկրում իրավիճակ փոխելու համար: Մենք չենք կասկածում, որ շատ արագ կարող ենք շատ բան փոխել Հայաստանում»,- իր խոսքում նշեց Վարդան Օսկանյանը։

«Մեր բոլորիս ուշադրության կենտրոնում է լինելու հայ մարդու և Հայաստանի անվտանգությունը: Մենք եկել ենք աշխատելու և այն փորձը, որ ունենք, օգտագործելու ենք երկրի զարգացման և անվտանգության համար»,-նշեց Սեյրան Օհանյանը։