«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիներն ու երկիր այցելող զբոսաշրջիկները առաջինը հանդիպում են անհատ տաքսիների վարորդներին. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով այս դաշտում վերահսկողությունը կխստացվի, հատուկ ուշադրություն կդարձվի նրանց լիցենզիաների տրամադրման գործընթացին:

«Ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը արձանագրում ենք, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին: Նշված իրավիճակը խիստ մտահոգիչ է, հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների սպառողն են հանդիսանում Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու մեր համաքաղաքացիները»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով նշյալը՝ վարչապետը հանձնարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ մեկշաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ լիզենզավորման ոլորտում օրինախախտումների, գործունեության դադարեցման ուղղությամբ, քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը:

Կարեն Կարապետյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ փաստացի առանց լիցենզիայի գործող տաքսի վարորդների կողմից թույլ տրվող իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

«Խնդիրը բոլորը լավ գիտեն՝ «անթրաշ», «չստիկով», սիգարետը բերանին, մարդուն տեղափոխում են Մալաթիա-Սեբաստիայով՝ Երևանյան լիճը ներկայացնելով որպես Սևանա լիճ, տարբեր սակագներ կիրառելով և այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջո՞ւմ ենք, թե վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ուղևորի հետ ինչպես պետք է իրեն պահի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Դիմելով Վլադիմիր Գասպարյանին՝ վարչապետն ասաց, որ ոստիկանությունից ակնկալում է շատ կոշտ մոտեցում: Կ. Կարապետյանի խոսքով, իրավիճակը պարզապես անթույլատրելի է, Հայաստանի Հանրապետություն այցելելիս զբոսաշրջիկի առաջին հանդիպումը լինում է տաքսու վարորդների հետ:

«20-30 հազար դրամով, Մալաթիա-Սեբաստիան պտտվելով, մարդկանց բերում են Երևանյան լիճ, որպես Սևան»,- նկատեց նա:

Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին՝ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ պետք է կարգավորել այդ դաշտը, լիցենզավորում տրամադրելիս չպետք է բարդացնել բիզնես իրականացնելը, սակայն պետք է հստակ հայտանիշեր սահմանել: «Անհրաժեշտ է ապահովել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան երթուղային տրանսպորտ, համատեղ աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ: Կոնկրետ երթուղային գիծ սահմանեք, այլընտրանք ապահովեք, որպեսզի յուրաքանչյուրն ինչ գին ցանկանա՝ չկարողանա սահմանել: Ներդրեք համապատասխան գնացուցակներ: Այս առումով Զբոսաշրջության պետական կոմիտեն բազմաթիվ աշխատանքներ ունի»,- շեշտեց վարչապետը: