«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վերջին շրջանում խիստ լարված են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հարաբերությունները: Գորիսի քաղաքապետը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդն է, իսկ նոր մարզպետը որոշել է ազատվել Լիսկայի կադրերից, քանի որ նրանք իրեն չեն ենթարկվում:

Տարիներ ի վեր Գորիսը եղել է Լիսկայի բաստիոնը, քաղաքապետերն էլ՝ նրա կամակատարները: Ըստ էության, վերջին բաստիոնն ընկավ։ Ամիսներ առաջ Վահե Հակոբյանը փորձեց Գորիսի ավագանու միջոցով հասնել քաղաքապետի պաշտոնանկությանը, սակայն չստացվեց։ Այժմ քաղաքապետին ուղիղ ասվել է՝ դիմումդ գրի, գնա: Սակայն Ադունցը դիմադրում էր, անգամ օրերս «Սյունյաց երկիր» լրատվամիջոցին ասել էր, որ ճնշում են գործադրում իր վրա՝ հրաժարականի դիմում գրելու համար, «սակայն չեմ գրել եւ չեմ պատրաստվում գրել»։

Բայց երեկ տեղեկացանք, որ հրաժարականի դիմումը գրվել է, ընդ որում՝ «հիվանդության պատճառով» ծեծված ու կեղծ պատճառաբանությամբ։ Ըստ ամենայնի, հույս է ունեցել հանդիպել մարզպետի վերադասի հետ եւ լուծել հարցերը, այդ մասին անգամ ասել է «Սյունյաց երկիր»-ին, սակայն հանդիպումը կա՛մ չի կայացել, կա՛մ ավարտվել է ի վնաս քաղաքապետի, եւ դիմումը գրվել է։

Ուշագրավն այն է, որ սեպտեմբերի 11-ին Քաղաքաշինության կոմիտեն աշխատաժողով է կազմակերպել «Անի պլազայում», որտեղ զեկուցողներից մեկը Վաչագան Ադունցն է լինելու: Ադունցը «Միացյալ կայուն խելացի քաղաքներ ծրագիր. Գորիսի օրինակը» զեկույցով է հանդես գալու: Հետաքրքիր է՝ զեկուցումը կհանվի՞, թե՞, այնուամենայնիվ, Գորիսի արդեն նախկին քաղաքապետը կմասնակցի աշխատաժողովին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում