Արգանդի պարանոցի քաղցկեղը ըստ կանացի քաղցկեղային հիվանդությունների տարածվածության գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն կրծքագեղձի քաղցկեղին: Աշխարհում 2017 թվականին գրանցվել է ավելի քան 530.000 արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպք։ Նույն թվականին այդ դեպքերից 270.000 ավարտվել են մահվամբ: Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին գրանցվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 260 նոր դեպք, որի 60%-ի շրջանում ախտորոշվել են զարգացման 3-րդ և 4-րդ փուլերը:

Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման մեջ մեծ դեր ունեն ՊԱՊ սքրինինգ հետազոտությունները։ Հիվանդության բուժումը շատ անհատական է՝ կախված պրոցեսի տարածման աստիճանից, հիվանդի ընդհանուր վիճակից, տարիքից և այլն: Կիրառվում են վիրահատական, քիմիոթերապևտիկ, համակցված և կոմպլեքսային բուժման մեթոդներ: Հիվանդության բուժման հաջողությունը կախված է վաղ ախտորոշման փուլից: ՈՒստի կանխարգելիչ գինեկոլոգիական հետազոտությունները՝ զննում հայելիներով, կոլպոսկոպիա, հեշտոցի դիտում և այլն, չափազանց կարևոր են:

Ըստ բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինիկոլոգ Ռուսուդան Վարդանյանի՝ տարեց տարի դեռևս արգանդի պարանոցի քաղցկեղը չունի միտում նահանջելու, այլ ընդհակառակը այն գնալով բարգավաճում և շատանում է:
Ին՞չ է իրենից ներկայացնում ՊԱՊ սքրինինգը.
Հույն գիտնական Պապանիկոլաուսը հայտնաբերել է մի ներկ, որի օգնությամբ վիրուսային բոլոր 200 շտամները դառնում են մանրադիտակի տակ առավել տեսանելի: ՊԱՊ թեստը հիմնված է հենց գիտնականի ներկի արդյունավետության վրա, այդ իսկ պատճառով թեստը կոչվում է ՊԱՊ։ Ըստ ԱՀԿ-ի՝ արգանդի պարանոցի քաղցկեղի ամենաարդյունավետ ախտորոշիչ միջոցառումը հենց ՊԱՊ թեստավորումն է: ՊԱՊ թեստավորման արդյունքում հայտնաբերվում են ինչպես քաղցկեղային, այնպես էլ նախաքաղցկեղային փուլերը: Սա մի հետազոտություն է, որը իրականացվում է սովորական գինեկոլոգիական զննման ընթացքում՝ լիովին անցավ է և կատարվում է առանց անզգայացման և ցավազրկման, չի առաջացնում արյունահոսություն կամ այլ ցավային տհաճ երևույթներ: Իրականացվում է ընդամենը 30 վարկյանի ընթացքում, հետազոտությունը կայանում է ընդամենը գործիքով, լորձային քսուկի վերցման մեջ: Հետագայում այդ քսուկը ներկվում է Պապանիկոլաուսի ներկով և որոշ ժամանակ (10-20 րոպե) առարկայական ապակու վրա մնալուց հետո ուսումնասիրվում է մանրադիտակի տակ:

Պապ թեստավորման արդյունքում գրանցված բացասական NILM պատասխանը՝ նշանակում է, որ կինը չունի անհանգստանալու կարիք և իր օրգանիզմում չկան ատիպիկ (տարօրինակ) երևույթներ առավել ևս պապիլոմա վիրուսի շտամային տարատեսակ, իսկ դրական պատասխանը դեռ չի նշանակում, որ կա հստակ քաղցկեղային ախտահարման պատկեր, սակայն կա ախտահարում։ Թե ինչ ծավալների է հասնում ախտահարումը և ինչքանով է այն սպառնում կնոջը դա արդեն անհատական է և ցանկացած հարցի կարող է պատասխանել կոնկրետ հետազոտող բժիշկը:

Հայտնաբերված ախտահարումները նախաքաղցկեղային և քաղցկեղային ընթացքներում բուժվում են ըստ Առողջապահության նախարարության կողմից հստակ մշակված չափորոշիչների և հանրային առողջության պահպանման ուղեցույցների:

Հետազոտման պատասխանները ներառող թերթիկում ցանկացած անվերծանելի, տերմինաբանական և առհասարակ անհասկանալի հարցի առկայության պարագայում հարկ է դիմել հետազոտող բժշկին։ Նա պարտավոր է մանրամասն բացատրել ցանկացած անհասկանալի հարց, որը քաղաքացին ուղղում է նրան ՊԱՊ թեստի սքրինինգյան հետազոտության վերաբերյալ:

Նշենք, որ ՀՀ ԱՆ առաջնային օղակի բոլոր բուժ հիմնարկներում՝ պոլիկլինիկաներում, գյուղական ամբուլատորիաներում, անցկացվում են անվճար սքրինինգյան հետազոտություններ։ Նշենք նաև, որ Հայաստանում ՊԱՊ սքրինինգը իրականացվում է միայն 35 տարեկանից բարձր կանանց շրջանում: ՀՀ Առողջապահության նախարարությունը կոչ է անում բոկոր կանանց անպայման հետազոտվել՝ բացառելու համար հետագա բոլոր հնարավոր խնդիրները։