«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով նախատեսվում է ստեղծել մեկ միասնական երթուղային ցանց: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում օրինագծի ներկայացման ժամանակ նշել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով միջմարզային կանոնավոր փոխադրումների ցանցը կազմակերպում է տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իսկ ներմարզային երթուղային ցանցը՝ համապատասխան կառավարման մարմինը. «Հիմա միասնական երթուղային ցանց ստեղծելու նպատակով նախատեսվում է միավորել միջմարզային եւ ներմարզային երթուղային ցանցերը եւ դա վերապահել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը»,-ընդգծեց փոխնախարարը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին, թե արդյոք կարիքների գնահատում իրականացվել է, հաշվի առնելով, որ որոշ բնակավայրեր դուրս էին մնացել երթուղային ցանցից, եւ ի՞նչ սկզբունք է դրվել այդ նոր երթուղային ցանցը մշակելու հիմքում, որ հնարավորինս շատ համայնքներ ներառվեն, Գագիկ Գրիգորյանը պատասխանեց. «Դեռ 2017-ին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ 230 համայնք չի սպասարկվում: Դրանց մի մասում կարողացանք կազմակերպել փոխադրումներ եւ այդ թիվը հասավ 170-ի: Այս նոր ծրագրով բոլոր ցանցն ընդգրկելու է բոլոր բնակավայրերը: Իհարկե, կլինեն համայնքներ, որոնք օրական 1-2 անգամ կսպասարկվեն, մյուսները ավելի շատ: Մեր նպատակը արժանավայել փոխադրում ապահովելն է: Ցանցը կունենա միասնական օպերատոր, միասնական տոմսային համակարգ»:

Նրա խոսքով, այս փուլում պիլոտային ծրագիր են իրականացնում. «Գաղափարն այն է, որ որոշ չափով եկամտաբեր երթուղիները փոխկապակցված լինեն ոչ եկամտաբեր երթուղիների հետ: Այսինքն տնտեսվարողը պարտավոր կլինի սպասարկել ոչ թե 1-2 երթուղի, այլ ասենք ամբողջ մարզի երթուղիները:

Ինչ վերաբերում է ուղերվարձի փոփոխությանը, փոխնախարարը նշեց, որ գինն այսօր ազատականացված է, բայց իրականում կա մեթոդոլոգիա, որով հաշվարկվում է գների գոյացումը եւ կա հնարավորություն վերահսկելու, որ անհարկի բարձր գներ չլինեն:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե սեղմված գազի թանկացման հետեւանքով հասարակական տրանսպորտն ու տաքսին չե՞ն թանկանա, ինչին Գագիկ Գրիգորյանն արձագանքեց. «Քանի որ մեզանում նոր են սկսվել թանկացումները, մենք ուսումնասիրություններ կատարում ենք: Վառելիքի գինը տեսակարար մեծ կշիռ ունի ինքնարժեքում: Դրա ազդեցության չափը կախված կլինի նրանից, թե մինչեւ հիմա գործող սակագները որքանով էին վերադարձնում ներդրողի կամ փոխադրողի ծախսերը: Եթե դրանք զրոյի մակարդակում էին գտնվում, ապա գները կունենան բարձրանալու միտում»: