Սեղմված գազի թանկացման դեմ բողոքող երթուղային տաքսիների վարորդներին գծատերերն ընդառաջել են: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 22-ին, 37 համարի երթուղային տաքսու վարորդներից Արտյոմը նշեց, որ վճարվող օրավարձը 1000 դրամով նվազել է. նախկին 7000-ի փոխարեն այժմ վճարում են 6000 դրամ:

«Մենք համաձայնության ենք եկել, բայց նաեւ խոստացել են, որ գազն էլ կէժանացնեն: Հիմա գոնե 1000 դրամով օրավարձը նվազեցրին եւ դրանով կարողանում ենք մի քանի կոպեկ տուն տանել»,-ասաց նա:


Նշենք, որ 75Ա, 72, 1, 44, 37, 42 համար երթուղային տաքսիների վարորդները հունվարի 16-ին գործադուլ էին հայտարարել եւ բողոքում էին սեղմած գազի թանկացման դեմ, որի պատճառով, նրանց պնդմամբ, օրական 1500 դրամ վնաս են կրում:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափը 1000 խմ-ի համար դարձել է 25 հազար դրամ, մինչդեռ նախկինում շուրջ 8000 դրամ էր: