Հանրապետական խմբակցությունից որոշ պատգամավորների դուրս գալու պատճառը պետական ապարատի հնարավոր ռեպրեսիվ գործողություններն են: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ խմբակցությունն արդեն լքել է 6 պատգամավոր եւ ՀՀԿ-ն այլեւս բացարձակ մեծամասնություն չէ խորհրդարանում:

«Ակնհայտ է, որ այս գործընթացները նաեւ գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն են եւ խորհրդարանն ավելի համահունչ է դառնում հասարակության քաղաքական տրամադրություններին, այն առումով, որ գումարային որոշիչ ձայներ այլեւս ՀՀԿ-ինը չեն»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Հարցին՝ հնարավոր ճնշումների մտավախությունի՞ց է գործարար հատվածը լքում խմբակցությունը, Աշոտյանը պատասխանեց. «Քաղաքական հետապնդումներն այսօր երբեմն փորձում են քողարկել արդարադատության գործընթացով, բայց ուզում եմ հատուկ շեշտել՝ կա սելեկտիվ ընտրողական արդարադատության միտում, որը չի նպաստելու իշխանափոխության ժամանակ հնչեցված նպատակների իրագործմանը»:

Աշոտյանը կարծիք հայտնեց, որ խմբակցությունը կարող են լքել եւս մի քանի պատգամավորներ, բայց ՀՀԿ-ն շարունակելու է թիվ մեկ քաղաքական խմբակցության դերակատարությունը ունենալ. «Բացարձակ մեծամասնություն այլեւս չէ, դրա համար անհարժեշտ է ունենալ 53 պատգամավոր, բայց պատգամավորների թվով էլ ամենամեծն է»:

«Սահմանադրական մեծամասնություն մենք ունեինք նախորդ կոալիցիայի շրջանակներում՝ Դաշնակցության հետ միասին: Կա նաեւ 50+1 ձայների մեծամասնություն, որը մենք ունեինք մինչ այսօր եւ կա խորհրդարանական մեծամասնություն, այն է՝ քաղաքական որեւէ ուժ ամենամեծ ձայների քանակն ունի խորհրդարանում, բայց չի տիրապետում 50+1-ին։ Մենք այսօր բացարձակ մեծամասնություն չենք, մենք մնում ենք խորհրդարանում ամենաշատը ներկայացված քաղաքական ուժը, այսինքն՝ առաջին ֆրակցիան ձայների քանակով։ Եթե մնացած պատգամավորները միասնական քվեարկություն են դրսեւորում, ապա իրենք են դառնում որոշիչ մեծամասնություն»,-ընդգծեց Աշոտյանը: