Գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է և ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն այս գործի հետ, իսկ Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի: Այդ մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը նաեւ նշեց, որառաջիկայում բացահայտումներ կլինեն: Հարցին՝ հայտնաբերվածի ճակատագիրը ի՞նչ է լինելու, գումարները բյուջե կվերադարձնե՞ն թե՞՝ ոչ, ԱԱԾ տնօրենը նշեց, որ այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գումարները վատնելուն, տվյալ անձը կարող է վճարել այդ գումարներն և ազատվել քրեական պատասխանատվությունից ըստ քրեական օրենսգրքի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կաված այս բացահայտումները չեն դասվում այդ շարքին: «ԱԱԾ–ն իր անելիքն արել է, եւ մենք միշտ պատրաստ ենք աջակցել քննությանը», – նշեց նա։ Հարցին՝ տեղյակ էր ԱԱԾ–ն յուրացման մասին, թե միայն տեղեկություն ուներ զենքի մասին, Վանեցյանն ասաց. «Չեմ ցանկանում մեր քննության օպերատիվ մասը, իհարկե, տեղյակ էինք»։

Նա նաեւ նշեց, որ քննության ընթացքը ցույց կտա, թե, արդյոք պատասխանատվության կենթարկվեն Մանվել Գրիգորյանի հովանավորները։

«Ես ենթադրություններով ու տրամաբանությամբ չեմ խոսում, խոսում եմ միայն փաստերով։ Փաստն այսօր ունենք, արձանագրել ենք»,– նշեց Վանեցյանը։