Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյաը նշեց, որ այն քաղաքական մթնոլորտը, որը ձևավորվել է Մանվել Գրիգորյանի շուրջ, չի կարող նպաստել արդարադատության իրականացմանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն ԱԱԾ մեկուսարանում ենթարկվել է խոշտանգումների։

«Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է խոշտանգում։ Միջազգային իրավական նորմերով է սահմանված, որ խոշտանգում է մարդուն այս տարբերակով կալանքի տակ վերցնելը»,-ասաց պաշտպանը։

«Ցեղը ջնջե՛լ, ոչնչնացնե՛լ, սա արդարադատություն չէ, սա կոչվում է ինքնադատաստան:Հիշեք սպարապետ Վազգեն Սարգսյանի այն արտահայտությունը, որ Մանվել Գրիգորյանն իր ուսերին է կրել Արցախյան պատերազմի 60 տոկոսը»։

Այնուհետև պաշտպանը բաց նամակով դիմեց ՀՀ վարչապետին՝ խնդրելով ապահովել անկողմնակալ քննություն Մանվել Գրիգորյանի գործի նկատմամբ, և եթե պարզվի, որ վիրավորել են Գրիգորյանի անունն ու պատիվը, պետք է հրապարակային ներողություն խնդրել նրանից, հակառակ պարագայում պաշտպանը վարչապետին խորհուրդ տվեց ստեղծել «տրոյկաներ» և մեղադրվող անձին կախել ու վառել։

Լևոն Բաղդասարյանը նաև նշեց, որ այս քրեական գործի շրջանակում պետք է բացառել անհանդուրժողականությունը, և եթե Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրվող զազրելի արարքը, ապա նա պետք է պատասխան տա օրենքի առաջ։

Նյութի աղբյուրը՝ asekose.am