«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքապետերի հրաժարականների շքերթը շարունակվում է, եւ այն անկասելի է: Արմավիրին, Էջմիածնին, Հրազդանին եւ մյուս քաղաքներին առաջիկայում կմիանան նորերը:

Քաղաքապետերի եւ գյուղապետերի հրաժարականների պահանջով բողոքի ցույցեր են ընթանում Հայաստանի տարբեր համայնքներում, եւ չնայած դրանց հետեւում արտաքուստ չի երեւում նոր իշխանության հետքը, բայց բոլոր քաղաքապետերը հրաժարական են տալիս կարծես թե վերեւից իջեցված հրահանգով:

Նրանք հասկանում կամ նրանց հասկացնում են, որ դիմադրելու դեպքում կարող են գործ ունենալ ոչ թե իրենց համաքաղաքացիների բողոքի հետ, որը կարելի է արհամարհել, այլ իրավապահ մարմինների հետ: Կասկած չկա, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում Հայաստանի բոլոր խոշոր համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ կներկայացնեն»: