Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, բնակիչների տարհանում չենք կարողանում անել, այս պահին էլ կրակում են: Այս մասին պատմեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:

«Զինադադար մեր հատվածում չկա: Դեռ մեր գյուղի մեջ չեն խփել, բայց կողքերն են խփում: Անտանելի վիճակում ենք: Եղցահողից տարհանում հաջողվել է անել, բայց մեր գյուղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ... բոլորն այստեղ են: Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցրել, այնտեղ էլ մարդ չկա: Անորոշություն է, չգիտենք՝ ոնց անենք: Մենք ամբողջական շրջափակման մեջ ենք: Գյուղից զոհեր ու վիրավորներ չունենք, բայց մեր ընդհանուր տարածքից շատ զոհեր ունենք, շատերի տեղը չգիտենք»,- մանրամասնեց գյուղապետը:

Նա նշեց, որ հարակից Հին Շենի առավելությունն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան:

«Բայց հասկանում եք, չէ՞, արդեն ռուսն էլ ռիսկ չի անում թույլ տա դուրս գանք: Սա վերջն է: Սրանց էն կողմ էլ բան չկա, չի էլ լինի», – ասաց Դավթյանը: