1.am-ը գրում է. Անցած շաբաթվա ընթացքում Մարտի 1-ի գործով տեղի ունեցած, անկասկած, պատմական շրջադարձը հիմնականում լուսաբանվեց այն համատեքստում, որ մեղադրանք և հետախուզում է հայտարարվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ և որպես վկա ՀՔԾ է հրավիրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Սակայն շատ ավելի էական, սկզբունքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար: Անկասկած է, որ Հարությունյանն ու մյուսները սահմանադրական կարգը տապալել են Ռոբերտ Քոչարյանի ցուցումով կամ ուղղակի պարտադրանքով: Սակայն նույնքան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի նախագահությունը կայացել է սահմանադրական կարգի տապալման հետևանքով:

ՀՔԾ-ն փաստացի արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի նախագահությունը չի ունեցել իրավական հիմքեր, այլ խոսքով` Մարտի 1-ի գործով երրորդ նախագահին վաղ թե ուշ առաջադրվելու է իշխանության յուրացման մեղադրանք, եթե նույնիսկ տեսականորեն համարենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ի մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների հետ ուղղակի առնչություն չի ունեցել:

Ասվածն, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունը լեգիտիմության դաշտից դուրս է միայն վերջին տասնամյակում: Մարտի 1-ը հրեշավոր համակարգի ոչ թե մեկնարկն է, այլ տրանսֆորմացիան, երբ ղարաբաղյան կլանի ներսում տեղի ունեցավ իշխանության փոխանցում:

1998-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը չի բավարարել տաս տարվա քաղաքացիության սահմանադրական իմպերատիվ դրույթի պահանջները, ըստ այդմ` իրավական հիմքերից զուրկ է եղել նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը կամ այլ խոսքով` նա նույնպես յուրացրել է իշխանությունը:

Քրեաօլիգարխիկ համակարգի հիմքերը դրվեցին հենց Քոչարյանի կողմից իշխանության յուրացմամբ, որը սկիզբ առավ 1998-ի նախագահական ընտրություններով և իր կուլմինացիային հասավ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ:

Կասկածից վեր է, որ Մարտի 1-ի գործից հետո, իսկ որ ավելի հավանական է` դրան զուգահեռ, նոր թափ է ստանալու Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը:

 

Մանրամասները սկզբնաղբյուրում՝ 1.am