Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնի գաղտնալսումից հետո Դավթաշենում Երեւանի ընտրության հանրահավաքում հնչեցրած կոշտ ելույթում հայտարարեց, թե պայման է դնում, որպեսզի Սաշիկ Սարգսյանը հետ վերադարձնի այն տասնյակ միլիոնները, որ յուրացվել են հանրությունից ու պետությունից: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միայն հայաստանյան բանկերից մեկում նա ունի 30 միլիոն դոլար, որի վրա դրված է կալանք:

Նիկոլ Փաշինյանը յուրացրածը հետ վերադարձնելու պայման է դրել նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների առաջ, ասելով, թե այդ դեպքում Հանրապետության հրապարակում գուցե կքննարկվի նրանց հանդեպ ներողամիտ գտնվելու հարցը:

Որքանո՞վ էր այդ հայտարարությունը հուզական եւ որքանով էր քաղաքական: Որովհետեւ այն առաջ է բերում պաասխանատվության հարց, թե ինչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե պայմանը չկատարվի:

Այդ հանգամանքը առայժմ բաց է: Եթե հայտարարությունը եղել է լոկ հուզական, ապա այստեղ միեւնույն է կա պատասխանատվության հարց:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը գործնականում մի քանի անգամ է ասել, այլ իրավիճակներում էլ, որ խնդիրը բանտերը լցնելը չէ, այլ յուրացրածը հետ բերելը: Հետեւաբար, հանրահավաքում հնչեցրածը թերեւս հուզականության հետեւանք չէր: Բայց հարցը, թե ինչ կլինի հնչեցրած պայմանը չկատարելու դեպքում, մնում է բաց: Թեեւ, այդ առումով կա իհարկե որոշակի փակ տեղեկատվություն, առայժմ գոնե փակ, որը կարող է եւ բացվել: Խոսքը նույն հանրահավաքում հնչեցված «օլիգարխների թիկնազորերի դեմ ռեյդի» հրահանգի մասին է: Այդ կապակցությամբ թե Նիկոլ Փաշինյանը, թե ԱԱԾ-ն, ոստիկանությունը հայտարարում են, որ արել են ինչ որ հարկն է, բայց տեղեկատվությունը կտարածեն, երբ հարկ լինի:

Իսկ դա արդեն երեւի թե ավելի հետաքրքիր է, քան եթե տարածվեին տեսանյութեր, ինչպես մինչ այդ: Ընդ որում, այդ իմաստով կարծես թե առկա է ոճի ուշագրավ փոփոխություն: Մի քանի օր առաջ ԱԱԾ պետ Վանեցյանն էր հայտարարել, թե դադարեցնելու է լրագրողների հետ ակտիվ շփումը, քանի որ ԱԱԾ պետը չպետք է հաճախ շփվի լրագրողների հետ: Ընդ որում, զուտ գործի բնույթի, կառույցի բնույթի առումով Վանեցյանը թերեւս միանգամայն իրավացի էր: Հետաքրքիր էր այն, թե ի՞նչն էր պատճառը, որ կայացվել էր այդպիսի որոշում: ԱԱԾ պետը դրանով կարծես թե զգուշացնում էր, որ ԱԱԾ-ն շոուն ավարտում է եւ սկսում է դաժան առօրյան:

Ընդ որում, այդ իմաստով առավել ուշագրավ է դառնում, որ դրանից մի քանի օր անց հրապարակում հայտնվեց հայտնի գաղտնալսումը, երբ ԱԱԾ պետը հայտարարեց, թե «դուրս է գալիս հրապարակից»:

Միեւնույն ժամանակ, այդ գաղտնալսումը ունեցավ հակառակ էֆեկտ, քան ենթադրվող հարվածը Վանեցյանին: Համենայն դեպս, իշխանությունն առանց խուճապի մատնվելու բավական արագ կազմակերպեց հակահարվածը, եթե հստակ պարզ չէ թե ում՝ այսինքն պարզ չէ գաղտնալսողը եւ այդ հանգամանքը թեկուզ հայտնի, բայց դեռեւս ենթադրության տիրույթում է, ապա գոնե հակահարվածը այն նպատակին, որ կարող էր պարունակել գաղտնալասումը: Այն իշխանությանը տվեց կոշտ մեթոդների հրապարակայնորեն լեգիտիմ հիմք: Ստացվեց հետաքրքիր պատկեր՝ ԱԱԾ-ն անցավ իր բնույթին բնորոշ ոչ հրապարակային տիրույթ, միեւնույն ժամանակ ստացավ այդ տիրույթում կոշտ գործողության հրապարակայնորեն լեգիտիմ հիմք:

Որքանով են արդյունավետ եղել կոշտ գործողությունները, դեռ պարզ չէ, հատկապես, երբ դեռ բացահայտված չէ գաղտնալսողը: Բայց, հետաքրքիր է, արդյոք դա էլ կարող է որոշակիորեն մնալ ոչ հրապարակային, հաշվի առնելով այն, թե ինչպես են վարվում հատուկ ծառայություններն այդպիսի դեպքերում սովորաբար, երբ օրինակ բացահայտում են օտարեկրյա գործակալ:

Հաճախ նրան չեն գաղտնազերծում անմիջապես, այլ փորձում են օգտագործել հակառակ ուղղությամբ: Կարո՞ղ է լինել այդ կերպը գաղտնալսողի դեպքում: Դա չի նշանակում իհարկե, որ նա եղել է օտարերկրյա գործակալ ուղիղ իմաստով: Բայց, բնույթը խոշոր հաշվով նույնն է:

Ի դեպ, այդ ֆոնին էլ խիստ ուշագրավ էր կոշտ գործողություններին հաջորդած Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ կար շատ ուշագրավ մի դրվագ՝ գրեթե բաց տեքստով կոչ իրավապահ համակարգի աշխատողներին, որ չներգրավվեն իշխանության «անօրինական» քայլերում, չկատարեն հանձնարարությունները: Ունե՞ր այդ կոչը կոնկրետ հասցեատեր:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am