2016 թվականին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերին» համաներելը կնշանակի ական դնել հայկական պետականության տակ: Համաներման նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ ասաց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Փոխխոսնակն ընդգծեց, որ համաներման գաղափարն ինքնին ողջունելի է եւ այդ իմաստով նա կիսում է իշխանությունների մոտեցումը: «Սակայն Սասնա ծռերի մասով ես այլ կարծիք ունեմ: ՊՊԾ գնդի վրա հարձակումը Հայաստանի Հանրապետության դեմ հարձակում է: Տարբերություն չեմ տեսնում ՊՊԾ գնդի վրա հարձակման եւ սահմանի վրա ոտնձգության, Արցախում կանգնած զինվորի վրա հարձակման մեջ: Ոչ մի տարբերություն չկա: Գնդապետ Վանոյանը պաշտպանում էր մեր ընդհանուր պատիվը, Հայաստանի շահերը, բոլոր քաղաքացիներին՝ Նիկոլ Փաշինյանից մինչեւ Էդուարդ Շարմազանով: Ինչպե՞ս ենք նայելու մարդկանց աչքերին, եթե ազատենք նրանց: Սա ական է պետականության տակ: Ինձ համար տարբերություն չկա, թե ով է վարչապետը: Ինձ համար կարեւորը Հայաստանի Հանրապետությունն է: Դուք այսօր իշխանություն եք: Ի՞նչ նախադեպ է սա ստեղծում: Սա անթույլատրելի է: Եվ անթույլատրելի է ոստիկանության պետի (Վալերի Օսիպյան-խմբ.) քար լռությունը, որն ինքն էլ պատանդ է եղել: Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, այլ ոչ թե նրանք, ովքեր գրավել են գունդը: Այս հարցում ընդդիմություն եւ իշխանություն չկա: Ես կողմ եմ համաներմանը, բայց դեմ եմ ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների նկատմամբ համաներմանը», - ընդգծեց Շարմազանովը: