Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսել է Արմավիրի նախկին մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատական գործի քննությունը, սակայն նիստը չսկսած հետաձգվել է մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով։

իշեցնենք, որ այս գործով դատական նիստերն ամիսներ շարունակ չէին կայանում, քանի որ ամբաստանյալ Ռուզաննա Մկրտչյանի պաշտպանը միջնորդել էր կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, քանի որ իրենց պնդմամբ՝ Ռուզաննան սպանությունը կատարելիս աֆեկտի տակ է եղել։ Մինչդեռ դեպքից հետո նշանակված փորձաքննությունը փաստել էր, որ աֆեկտ չի եղել։

Ուշագրավ է, սակայն, որ նշանակված դատահոգեբանական փորձաքննության արդյունքում հաստատվել է աֆեկտը։ Փորձաքննությունը հաստատել է, որ Ռուզաննա Մկրչյանը սպանությունը կատարելու պահին եղել է աֆեկտի վիճակում։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Մուրադյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը։ Փաստաբանը նշեց, որ այս էշ եզրակացությունը էականորեն մեղմացնում է իր պաշտպանյալի վիճակը։ «Մեր կասկածները, նաև հիմնավորումները հաստատվեցին այս կրկնակի փորձաքննությամբ, որի համար միջնորդել էինք մենք։ Իհարկե մեղմացնում է Ռուզաննայի վիճակը, աֆեկտը արտոնյալ հանցակազմ է, բայց թույլ տվեք այլ մանրամասներ չասել, քանի որ չունեմ իմ պաշտպանյալի համաձայնությունը»,- ասաց պաշտպանը՝ հրաժարվելով ասել՝ միջնորդելու է, որ փոփոխվի Ռուզաննայի խափանման միջոցը, թե ոչ։ «Դրանք տակտիկական քայլեր են, որոնց մասին հարմար չեմ գտնում հիմա խոսել»,- եզրափակեց Նաիրա Պետրոսյանը։

Կրկնակի փորձաքննության այս եզրակացությունը զայրացրել է Մանուկ Սիմոնյանի եղբորը՝ Արամ Սիմոնյանին, որը սպանության գործով Մանուկ Սիմոնյանի իրավահաջորդն է։ Արամ Սիմոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար արժանահավատ չեն այս փորձաքննության պատասխանները։ «Սա ինչ է։ Հինգ փորձագետ սպանությունից հետո եզրակացություն են տվել, որ Ռուզաննան աֆեկտի տակ չի եղել։ Էդ ինչպես պատահեց։ Էդ ոնց ստացվեց, որ բավական կասկածելի կազմով երկրորդ փորձաքննությունը տրամագծորեն հակառակ պատասխանը տվեց, թե իբր Ռուզաննան աֆեկտի վիճակում է եղել։ Ես պնդում եմ, այս ամենը հատուկ են անում, որ Ռուզանին դուրս բերեն։ Բայց չի հաջողվելու իրենց։ Եղբորս գլուխը քարով ծեծելով 10 սմ դարձնողը չի կարող աֆեկտով դուրս գալ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ չկայացած դատական նիստի ժամանակ տպավորությունն այնպիսին էր, որ շուտով Ռուզաննան ազատ կարձակվի. «Եվ նրան ազատ կարձակեն, քանի որ եթե ազատ չարձակեն, ապա նա բերանը կբացի։ Իսկ որ բերանը բացի, կտա անուններ, ովքեր իրականում կատարել են այդ ամենը։ Ռուզաննան ու տղան, անխոս, ներկա ու մասնակից են եղել սպանությանը, բայց մենակ իրենք չեն եղել։ Ուրիշ մարդիկ էլ են եղել, և եթե դատավարությունը ու նախաքննությունը չգնար կոծկելու ուղղությամբ, ապա ամեն ինչ պարզ կդառնար»,- ասաց Սիմոնյանը։

Արամ Սիմոնյանին զայրացրել էր նաև փաստը, որ Ռուզաննայի փաստաբանը փորձել էր իր պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն ներկայացնել, այն պարագայում, երբ դատախազի բացակայության հիմքով դատական նիստը հետաձգվել է։ «Ես կասեցրեցի այդ փորձը։ Ես ասացի՝ եկեք կամ նիստ անենք, կամ ոչ։ Իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ է փաստաբանը միջնորդություն ներկայացնում, որ Ռուզաննայի խափանման միջոցը փոխվի։ Իսկ Ռուզաննան քմծիծաղը, լկտի ծիծաղը դեմքին նստած էր։ Չգիտեմ էլ՝ ինչի վրա էր հռհռում։ Բայց կտեսնեք, որ մինչև Նոր տարի Ռուզաննային կազատեն։ Նրան խոստացվել է, որ կազատեն»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ երեկվա նիստը, իր կարծիքով, միտումնավոր է տապալվել, և ինքը բացարկի միջնորդություն է ներկայացրել և՛ գործով դատավորին, և՛ մեղադրող դատախազին։

Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 27-ին։

 Նյութի աղբյուրը՝ 1in.am