Հայաստանի հանրության շրջանում բուռն դժգոհություն է առաջացրել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, թե ինքը չի պատրաստվում թողնել պաշտոնն ու որեւէ մեկը Հայաստանից չի կարող հրահանգել այդպիսի բան: Հանրությանը վրդովեցրել է նաեւ այն, որ Բալասանյանը ծիծաղելի է համարում Մարտի 1-ի գործով ներկայացվող մեղադրանքը՝ Սահմանադրական կարգի տապալում: Նա նշում է, որ բանակը ներգրավված չի եղել Մարտի 1-ի գործողությանը:

Մարտի 1-ի գործն իրականացնող քննչական մարմինը պնդում է հակառակը, հայտարարում ապացույցների առկայության մասին, բայց դրանք դեռեւս ներկայացված չեն լայն հանրությանը:

Իսկ քանի դեռ այդպիսի համոզիչ ապացույցներ իրավական հարթության վրա ներկայացված չեն, ամեն ինչ գտնվում է անձնական տպավորության, գնահատականի, համոզումի մակարդակում: Հասկանալի է, թե ինչու է հանրային մեծ դժգոհություն առաջացնում այն համոզումը, որը ասոցացվում է նախկին իշխանության, նախկին իշխող համակարգի մոտեցումների հետ:

Մյուս կողմից, աներկբա է, որ մեղադրանքների մի զգալի մասի դեպքում միշտ էլ կարող են լինել կասկածող շրջանակներ, եթե անգամ դրանք քիչ են, կամ՝ եթե կասկածները պայմանավորված են այսպես ասած կարգավիճակային կամ սոցիալական պատկանելությամբ:

Այդ առումով ամենեւին գաղտնիք չէ, որ Արցախի ներկայիս իշխանությունը, իր զգալի մասով, այն իշխող համակարգի ճյուղ են, որը Հայաստանում հեռացվեց իշխանությունից: Արցախում իշխանության մեջ եղան մասնակի փոփոխություններ, իսկ իշխանությունն ամբողջությամբ անկասկած շարունակում է լինել այն, ինչը ձեւավորվել էր Հայաստանի նախկին իշխող համակարգի վերադասությամբ:

Արցախի ներքին ստատուս-քվոն խոշոր հաշվով ձեւավորվեց 2015 թվականի խորհրդարանի ընտրությամբ, որից հետո տեւական ժամանակ Արցախ-Հայաստան ներիշխանական քննարկումներ էին, իշխանությունը բաժանելու տեւական շրջան, որին ներգրավված էին նաեւ Սերժ Սարգսյանը՝ Արկադի Ղուկասյանի միջոցով, ու Ռոբերտ Քոչարյանը՝ անձամբ: Հետո իհարկե եղան որոշակի վերանայումներ, շտկումներ, հատկապես 2016-ի քառօրյայից հետո: Թավշյա հեղափոխությունից հետո էլ եղավ փոփոխությունների ավելի մեծ ալիք, սակայն համակարգը եւ առանցքային ներկայացուցիչները գործնականում դեռեւս Հայաստանի նախկին իշխող համակարգի «շարունակությունն» է:

Միեւնույն ժամանակ, Հայաստանում թավշյա հեղափոխության ու իշխանափոխության հանդեպ արցախյան իշխանությունը գտնվեց բավական «ճկուն»: Բակո Սահակյանը պայմանավորվեց Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնեցին փոխադարձ աջակցության մասին, բայց Արցախի իշխանության առանձին անհատներ, այդ թվում եւ ԱԽ քարտուղար Բալասանյանը, չկաշկանդվեցին իրենց որոշ գնահատականների հարցում, մասնավորապես կապված Հայաստանի նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների, նախկին նախագահների հետ:

Հայաստանի հանրության մեջ առաջացնող զգալի, ու նաեւ միանգամայն հասկանալի դժգոհությամբ հանդերձ, այդ երեւույթին պետք է թերեւս նայել ավելի հանգիստ, նայել առանց ապոկալիպտիկ կամ նյարդային արձագանքների, նայել պետական ռազմավարության պրիզմայով, որը փորձում է առաջ տանել նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հայկական պետականության առանցքային բաղադրիչի՝ Արցախի հարցի քաղաքականության համատեքստում:

Փաշինյանը հայտարարել է, որ չունի Արցախի անունից բանակցելու իրավունք, չունի մանդատ, Արցախի հանրությունն ունի իր իշխանությունը: Ներկայիս իրավիճակում, հատկապես 25-ամյա գործընթացի ժառանգության պայմաններում, հայկական մարտավարության համար դա օպտիմալ քայլ է, նոր մարտավարության ու ռազմավարության անցնելու նպատակային ու նպաստավոր ելակետ:

Բայց այն կենսունակ եւ աշխատող լինելու համար պետք է Հայաստանի եւ Արցախի այսպես ասած սուբյեկտային ինքնուրույնության հարցում լինի իրական պատկեր, ոչ միայն հռչակագրային ձեւականություն: Ըստ այդմ, Արցախի իշխանությունը իրապես չպետք է լինի Հայաստանի իշխանության շարունակություն, չպետք է լինի վերադաս-ստորադաս հարաբերություն՝ ոչ միայն արարողակարգով, այլ նաեւ այդ հարաբերության իրական բնույթով:

Եվ որքան էլ դա գործնականում նյարդայնացնի Հայաստանի հանրությանը, որքան էլ դա հիմնավոր դժգոհություն առաջացնի ներքին կյանքում, պետական ռազմավարության եւ անվտանգության առանցքային խնդիրների համար դա կարեւոր բաղադրիչ է: Ի վերջո, այդ հարցում Հայաստանի դիվանագիտական վրիպումներն ու բացթողումները, որոնք ի վերջո հանգեցրել են խորքային խնդիրների, սկսել են այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունը Արցախում ձեւավորել է իր այսպես ասած «նախատիպը»:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ սուբյեկտային ինքնուրույնության եւ հարաբերության բնույթի վերափոխման խնդիրը չպետք է բերի հանրությունների միջեւ առաջացող կոնֆլիկտի, ինչը կանխելը թե Հայաստանի ու Արցախի ռազմա-քաղաքական վերնախավերի պատասխանատվությունն է, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, ու թե հանրային էլիտայի հավակնություն ունեցող սուբյեկտների՝ անկախ նրանց այս կամ այն շրջանակի պատկանելությունից:

Այդ իմաստով, ցավոք սրտի, նկատելի են հակառակ փորձեր, դժբախտաբար հայաստանյան հասարակական-քաղաքական ավանդույթներին ու «որակներին» բնորոշ տրամաբանության մեջ, երբ էլիտայի հավակնություն ունեցող սուբյեկտները սովորաբար շտապում են անձնական դիվիդենտներ քաղել եւ կարիերիստական կամ ֆինանսական շահի տեսանկյունից «մակաբուծել» պետական քաղաքականության արդիականացման հնարավորություն ընձեռող ելակետերի վրա, փնտրելով այնտեղ իրենց «քյարը», քան փորձել հարստացնել ու ամրացնել դրանք թե Արցախի, թե Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում:

Ի վերջո, հենց դա պետք է հիմնավորապես պատմություն դարձնի հին համակարգն ու հարաբերությունների հին բնույթը, ոչ թե մեկը մյուսից բարձր եւ ինտենսիվ աղաղակները հեղափոխության կամ հակահեղափոխության դեմ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am