Երեւանում, այսօր՝ ապրիլի 5-ին, կրակոցներ են հնչել. Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել եւ կա վիրավոր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, քննիչներն այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում։ Ժամանել են նաեւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները, նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազներ Սմբատ Մովսիսյանն ու Արթուր Մելիքյանը։

Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել են հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել է նաեւ, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար։

Հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, ով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են թմբուկավոր ատրճանակ եւ կան կասկածներ, որ նշված ատրճանակով է կրակոցներն արձակվել։