Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարար, 22-ամյա Սամվել Դեվելյանի հոգեհանգիստը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հոգեհանգստյան արարողությանը ներկա էր նաեւ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանը եւ ղեկավար կազմը։

Հոգեհանգստյան արարողությանը ներկա մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Լույսի պես տղա էր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։ Ապրիլյան պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ պահեց սահմանը։ Ցավում ենք, որ նման ողբերգական դեպքի հետեւանքով կորցրեցինք նրան։ Եթե ապրիլյանի ժամանակ սահմանն էր պահում, ապա ընդունվելով Լոռու մարզի Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ իր գործընկերների հետ անտառը փրկում էր կրակի ճիրաններից։ Ցավոք, կրակն իր սեւ գործն արեց։ Ցավում ենք տեղի ունեցածի համար, ընտանիքի անդամներին էլ տոկունություն ու համբերություն ենք ցանկանում»։