Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում ԼՂ քաղաքացիներին, ովքեր տուժել են Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից։

Բժշկական թիմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և հոգեբաններ։

Հիշեցնենք` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։

Ըստ Արցախի ՄԻՊ-ի, վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,- նշել էր նա։