Ի հայտ են եկել Խաչատուրյան քույրերի՝ սոցիալական ցանցերից մեկում ընկերուհիների հետ ունեցած նամակագրության որոշ հատվածներ, գրում է life.ru-ն: Ըստ պարբերականի տվյալների՝ հաղորդագրությունները ջնջվել են քույրերի խնդրանքով, սակայն վերականգնվել քննիչների կողմից:

Իրավապահ մարմինները մեղադրող կողմի նախաձեռնությամբ ուսումնասիրում են Խաչատուրյան քույրերի՝ ընկերուհիների հետ ունեցած նամակագրությունը: Մեղադրող կողմը մտադիր է Խաչատուրյան քույրերի ընկերներին պատասխանատվության ենթարկել սպանության դրդելու համար: Առայժմ քննիչներին հաջողվել է ձեռք բերել քույրերի նամակագրության մի փոքր հատվածը:

«Այդ տականքը սկսել է պրպտել մեր վերնազգեստները. կարծում էր՝ կրակայրիչ և ծխախոտ կգտնի: Այն էլ՝ ծածուկ: Կարծում էր՝ քնած ենք: Մենք էլ, դե, խելացի ենք, ամեն ինչ թաքցնում ենք փոստարկղում», - գրել են քույրերը:

Նամակագրությունը հիմնականում բաղկացած է եղել աղջիների բողոքներից: Ուշագրավ է, սակայն, 2018 թվականի հուլիսի 26-ի նամակագրությունը: Նամակագրական շփումը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը երկուսին: Հաղորդագրություններում ոմն Վ. աղջիկներին կոչ է անում ինչ-որ բան անել, որ հայրը չքնի:

«Մի ելք կա՝ մահը», - կատակով, թե լուրջ ասել է ընկերուհին:

Դատելով հաղորդագրություններից՝ հասցեատերը չի ընդդիմացել և բազմաթիվ «սմայլ»-երով գրել՝ «Ես հետագայում իրավապահ մարմիններին այդպես էլ կասեմ՝ հաճույքի համար»:

Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին վերջնական խմբագրությամբ մեղադրանք է առաջադրվել «Մի խումբ անձանց կողմից նախնական դվադրությամբ սպանություն» հոդվածով: Մեղադրանքի մեջ միևնույն ժամանակ նշվում է, որ աղջիկների գործողությունները հրահրվել են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի գործողություններով:

57-ամյա տղամարդու մարմինը Մոսկվայի իր տանը հայտնաբերվել է 2018-ի հուլիսին: 2018-ի օգոստոսին Մոսկվայի Օստանկինյան դատարանը կալանավորել է քույրերին, իսկ սեպտեմբերին Բասմանյան դատարանը փոխել է խափանման միջոցը՝ նրանց արգելելով որոշակի գործողություններ կատարել, որից հետո նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից: