Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն արժանին է մատուցել «Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, որը անհաջող մեկնարկից հետո կարողացավ մրցաշրջանի վերջում վերադարձնել կորցրածը։ Թիմերը կհանդիպեն Իսպանիայի առաջնության 35–րդ տուրում։
«Մենք մրցելու ենք մի թիմի հետ, որը կարողացավ կրճատել շատ միավորների տարբերությունը։ Կումանը կատարեց ահռելի աշխատանք, որպեսզի շտկի այն, ինչ տեղի ունեցավ մրցաշրջանի սկզբում։
Կյանքում ամեն ինչ տեղի է ունենում առաջին անգամ։ Հնարավոր է՝ ես այս անգամ հաղթեմ «Կամպ Նոու» ստադիոնում։
Լիորենտեն ու Սուարեսը շատ կարեւոր խաղացողներ են, որոնք հրաշալի մրցաշրջան են անցկացնում։
Չգիտենք՝ ինչ է սպասվում մեզ առաջիկա խաղում եւ չեմ կարող ասել, թե որը կլինի որոշիչ գործոնը։ Ամեն ինչ կախված կլինի մեր հոգեբանությունից եւ բնավորությունից»,– Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Բարսելոնա» – «Աթլետիկո» հանդիպումը տեղի կունենա մայիսի 8–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15–ին։ «Աթլետիկոն» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալն» ու «Բարսելոնան» ունեն 74–ական միավոր։