Ականազերծման եւ գերիների փոխանակման գործընթացները, ի թիվս Ղարաբաղի հետ կապված մարդասիրական այլ հարցերի, պետք է արագացված տեմպերով լուծվեն, եւ Ռուսաստանը դրա ակնկալիքն ունի: Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինչ վերաբերում է ականապատ դաշտերի քարտեզներին, մենք, ըստ էության, կողմ ենք, որ հումանիտար նշանակության բոլոր հարցերը լուծվեն հնարավորինս արագ եւ առանց նախապայմանների: Նկատի ունեմ զոհվածների մարմինների վերադարձնելը եւ անհետ կորածների ճակատագրի պարզումը, ռազմագերիների վերադարձը եւ այն խնդիրների լուծումը, որոնք, ինչպես ասում են, պատերազմի նյութական մնացորդների հետ են կապված, այս դեպքում՝ ականների»,- ասել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ այս հարցը մի քանի օր առաջ քննարկվել է Երեւանում, եւ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է խնդիրը լուծելու անհրաժեշտությունը: Այս ուղղությամբ կատարվել են առաջին նախնական քայլերը, դրանց մասին տեղեկացվել է Ադրբեջանի ղեկավարությունը: