«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի որոշ կենդանիների օգտագործումը կրկեսներում: Այս որոշումը, մեղմ ասած, միանշանակ արձագանքի չարժանացավ: Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է` տարբեր փորձագետներ տևական ժամանակ բարձրացրել են այս հարցը, որ կրկեսը պետք է լինի առանց կենդանիների:
«Հուրախություն մեզ` նման օրենք ընդունվեց: Բայց լինենք անկեղծ: Տեսանք, թե ինչ եղավ պոլիէթիլենային տոպրակների նախագծի հետ: Կարծում եմ, որ վայրի կենդանիներին առնչվող օրենքն էլ ի կատար չի ածվի, ինչպես բազմաթիվ օրենքներ ՀՀ-ում: Այսինքն, կառավարումը շատ վատ է կազմակերպվում, և շատ հնարավոր է, որ մի օր, օրինակ` կրկեսի տնօրինությունն արտերկրից կրկեսային խումբ հրավիրի, որն էլ կասի, որ իր խմբում եղած կենդանիները վայրի բնությունից վերցված չեն, կրկեսում են ծնվել, պետք է ցուցադրենք: Օրենքում շատ հետաքրքիր մի բան կարդացի, որ կրկեսում կարելի է գալ և դիտել կենդանիների: Ստացվում է, որ այս օրենքը կարող են շրջանցել, վերջում էլ մի հավելված ավելացնել, որ ներկայացվող կենդանիներն անունով վայրի են, ինչպես ասում էին դելֆինների ժամանակ, բայց իրենք ծնվել են, օրինակ` կենդանաբանական այգում, անազատության մեջ և այլուր: Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիլվա Ադամյանը:
«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանն էլ նշում է, որ վերջերս լույս տեսած իր` «Հայկական կրկեսը երեկ և այսօր» գրքում ուշադրություն է դարձրել կենդանավարժությանը, այն ավանդույթներին, որոնք ունեցել ենք: «Կրկեսն առանց կենդանավարժության` կարծես ճաշն առանց աղի: Առանց կենդանավարժության կրկեսը դժվար է պատկերացնել, բայց քանի որ օրենքն ընդունվեց, հարմարվում ենք դրան: Ի վերջո, կան ընտանի կենդանիներ` ձիեր, շներ և այլն: Բացի դա, վայրի կենդանիների բացակայությունը կփորձենք կոմպենսացնել բազմաժանր ակրոբատիկական թռիչքային ատրակցիոններով: Այնպես կանենք, որ ժողովուրդը չզգա վայրի կենդանիների բացակայությունը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պետրոսյանը:
Ընդգծում է, սակայն, երկար տարիներ լինելով կրկեսի տնօրեն և գեղղեկավար՝ նկատել է` երբ երեխաները ծնողների հետ գալիս են տոմս գնելու, հարցնում են` վագրեր, առյուծներ, արջեր կա՞ն, եթե իմանում են, որ չկան, շատերը տոմս չեն գնում: «Իհարկե, ֆինանսական առումով օրենքը կվնասի կրկեսին, բայց օրենքը կա, պետք է ենթարկվենք դրան և կոմպենսացնենք մյուս ժանրերով: Կրկեսային արվեստը բազմաժանր է, թող ժողովուրդը չմտածի, այնպես կանենք, որ կրկեսում միշտ տոն լինի»,-եզրափակում է կրկեսի տնօրենը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում