Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մայրաքաղաքի փոքր կենտրոնում կմեկնարկի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը: Զեկուցվել է նաև, որ ապամոնտաժման աշխատանքներն իրականացվելու են երեկոյան ժամը 23-ից հետո: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, փոխանցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը՝ աշխատանքների ավարտից հետո տարածքի բարեկարգումն ապահովելու ուղղությամբ:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Հանձնարարվել է խստորեն հետևել որակի ապահովմանն ու ժամանակացույցի պահպանմանը: Հանձնարարվել է նաև գույքագրել և վերականգնել մայրաքաղաքի փողոցների և մայթերի վնասված եզրաքարերը, սալիկներն ու հենապատերի քարերը: Հյուսիսային պողոտայի սալիկապատման աշխատանքների հետ կապված՝ Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ դրանք կմեկնարկեն առաջիկա օրերին:
Մայրաքաղաքի մանկապարտեզներում, մշակութային տներում, արվեստի դպրոցներում և կրթական այլ հաստատություններում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքի հետ կապված՝ զեկուցվել է, որ հաստատությունների զգալի մասում աշխատանքներն ավարտված են, մյուսներում ընթանում են ըստ ժամանակացույցի:
Հանձնարարվել է համապատասխան միջոցներ ձեռնարկել ոչ սահմանված վայրերում աղբի կուտակման դեպքերը բացառելու համար: Բացի այդ, հսկողություն կսահմանվի կանաչապատ հանգստյան գոտիների սանմաքրման ու խնամքի ապահովման նկատմամբ:
Զեկուցվել է, որ սոցիալական ապահովության, հանրակրթության և մշակույթի վարչությունների կողմից սիրիահայ երեխաներին, ինչպես նաև սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին շարունակվում է ցուցաբերվել համապատասխան աջակցություն:
Անդրադառնալով <<Երևանյան ամառ>> ծրագրի շրջանակում կազմակերպված անվճար բուժօգնության ակցիայի վերջնական արդյունքներին՝ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ բուժհաստատություններ դիմած բոլոր, այդ թվում նախապես հերթագրված 25 քաղաքացիները ևս, ակցիայի ժամկետի ավարտից հետո, ստացել են համապատասխան բժշկական օգնություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն