Աստղագետները խուճապի մեջ են. նոր Starlink արբանյակները լրջորեն խանգարում են ռադիոաստղադիտակների աշխատանքին
20 սեպտեմբերի, 2024 16:14
Այս ամառ Նիդեռլանդների Ռադիոաստղագիտության ինստիտուտի (ASTRON) աստղագետները մեկ օրով գործարկեցին աշխարհի լավագույն ռադիոաստղադիտակներից մեկը՝ LOFAR-ը, ինչից հետո նրանք ցնցված են․ Starlink ինտերնետ կապի արբանյակների նոր տարբերակները բառացիորեն կուրացնում են գերզգայուն սարքավորումները: Դրանց պայծառությունը ռադիոտիրույթում 32 անգամ ավելի բարձր է, քան առաջին սերնդի Starlink արբանյակների դեպքում: Հետազոտողները կարծում են, որ սա շուտով կկործանի Երկրի ողջ դիտողական աստղագիտությունը:
«Ամեն անգամ, երբ նոր արբանյակներ են արձակվում ճառագայթման այս մակարդակներով, մենք ավելի ու ավելի քիչ բան ենք տեսնում երկնքում»,- BBC News-ին ասել է ASTRON-ի տնօրեն, պրոֆեսոր Ջեսիկա Դեմփսին: «Մենք փորձում ենք նայել այնպիսի բաների, ինչպիսիք են շիթերը, որոնք դուրս են գալիս գալակտիկաների կենտրոններում գտնվող սև խոռոչներից: Մենք նաև ուսումնասիրում ենք ամենավաղ գալակտիկաները, որոնք գտնվում են միլիոնավոր լուսատարի հեռավորության վրա, ինչպես նաև էկզոմոլորակները»,- հավելել է ASTRON-ի ղեկավարը:
Այսօր 6000-ից մի փոքր ավելի Starlink արբանյակներ կան, որոնք թռչում են Երկրի ցածր ուղեծրով: Այս ցանցը կշարունակի ընդլայնվել։ Նույնկերպ OneWeb ընկերությունն է ընդլայնում տիեզերքում իր արբանյակային ցանցը (մինչև 1000 արբանյակ ունի ուղեծրում), իսկ Amazon-ը պատրաստվում է այսպիսի արբանյակներ տեղակայել (մինչև 2030-ը կունենա մինչև 3000 արբանյակ): Ընդհանուր առմամբ, մինչև 2030-ը փորձագետներն ակնկալում են մինչև 100,000 ինտերնետ կապի արբանյակներ ուղեծրում, ինչը ոչ միայն սպառնում է աստղագիտությանը բոլոր ալիքների երկարությամբ, ներառյալ օպտիկական, այլև իրականում արգելափակելու է տիեզերքի ցանկացած դիտարկում Երկրից:
«Իրականում այն սպառնում է ամբողջ ցամաքային աստղագիտությանը բոլոր ալիքների երկարությամբ և տարբեր ձևերով: Եթե դա շարունակվի առանց մեղմող միջոցների, որպեսզի այս արբանյակներն աշխատեն անաղմուկ, ապա դա իսկապես գոյաբանական սպառնալիք կստեղծի աստղագիտության տեսակների համար, որոցով այսօր զբաղվում ենք»,- հավելել է պրոֆեսոր Դեմփսին:
Սա առաջին հայտարարությունը չէ սպառնալիքի մասին, որ Երկրից աստղագիտական դիտարկումներին ներկայացնում են կապի արբանյակները։ Starlink-ը՝ որպես այս ոլորտի առաջամարտիկ, մասամբ ընդառաջ գնաց գիտնականներին և մի շարք միջոցներ ձեռնարկեց առաջին սերնդի արբանյակներից ինչպես օպտիկական, այնպես էլ ռադիոհաճախականության ճառագայթումը ռադիոաստղադիտակներին պաշտպանելու համար:
Սակայն նոր արբանյակները բառացիորեն կուրացնող ազդեցություն են ունենում ռադիոաստղադիտակների համար։ Նրանց պայծառությունը 10 միլիոն անգամ գերազանցում է տիեզերքի խորքերից Երկրի վրա հայտնաբերված ամենաթույլ ազդանշանների ուժը: Սա նման է ամենաթույլ տեսանելի աստղերի լույսը լիալուսնի պայծառության հետ համեմատելուն, բացատրել են հետազոտողները՝ հավելելով, որ սա անհնար է անտեսել:
Եթե այս ամենը կանխելու համար որևէ ակտիվ քայլ չձեռնարկվի, ապա «շատ շուտով միակ համաստեղությունները, որոնք կտեսնենք, կլինեն մարդու կողմից ստեղծվածները», զգուշացրել են գիտնականները։