«Փաստինֆո»-ն «Հատուկ ծառայություններում կան բոլոր ձայնագրությունները, որոնք հաստատապես ապացուցում են, որ Սեդրակյանը կապ ունի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի հետ, և քանի որ դրանք ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով, գործում դրվել չեն կարող, բայց դա հաստատ համոզմունք է առաջացնում, որ, թե՛ պատվերը, թե՛ դրդելը և թե՛ կազմակերպումը տեղի է ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, ում այս տեղեկությունը փոխանցել էր իր ծանոթը: Նշվածի հետ կապված` Սիրունյանն ունի իր կարծիքը «որպես պետության մարդ` եթե Վարդանը դա իսկապես արել է, նրան պետք է պատժել, եթե իսկապես կան այդպիսի ձայնագրություններ, որոնց մասին նշվում է, ստացվում է, որ Վարդան Սեդրակյանը հատուկ ծառայությունների աչքի առաջ կազմակերպում է, ոչ ավել, ոչ պակաս, Պարույր Հայրիկյանի սպանությունը: Բա Խաչիկ Պողոսյանի ձեռքը ինչո՞ւ չէիք բռնում: Բա, որ իրոք կպներ Պարույր Հայրիկյանի գլխին»: Փաստաբանը լրագրողների հետ հանդիպմանը բերել էր մի տեսանյութ, որը նկարահանվել էր «Ազատություն» ռադիոկայանի «Մեկ օր Հայրիկյանի հետ» հաղորդման շրջանակներում: Տեսանյութում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հիվանդանոցում իրեն այցելած ռադիոկայանի լրագրողին ցուցադրում է ստացած վերքերը: Այն վերքը, որը կադրում երևում է, կատարվել է միջադեպից 12 օր հետո: Փաստաբանին բժիշկները հավաստիացրել են, որ «նշված ժամանակահատվածում անհնար է վերքը փակվեր, առնվազ կապտուկ պետք է լիներ և որ այդ չափի չէր կարող վերքը փոքրանա»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ «մեզ մի դատեք ենթադրություններով»: