ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը այցելել են Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ Կենտրոն ենթակայան, հանդիպել բուժաշխատողների հետ։

ՀՀ ԱՆ Դերենիկ Դումանյանը, իր և ողջ նախարարության անունից շնորհակալություն հայտնելով շտապօգնության բուժաշխատողներին կատարած ամենօրյա հսկայական աշխատանքի համար, նշել է, որ հանդիպման նպատակը անմիջական շփումը և շտապօգնության բուժաշխատողների խնդիրներին ու առաջարկներին ծանոթանալն է

«Մեզ հետաքրքրում են ձեր խնդիրները, որոնք կարող ենք միասին լուծել։ Մեզ անշուշտ մտահոգում է նաև վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ քաղաքացին ծեծի էր ենթարկել իր պարտականությունը պատշաճորեն կատարող շտապօգնության բժշկին, և ուզում եմ վստահեցնել, որ պայքարելու ենք, որ այդպիսի դեպքերը բացառվեն»,- նշել է նախարարը։
Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին մշտական ուշադրության, ինչպես նաև այս հանդիպումը նախաձեռնելու համար։ Քաղաքապետի տեղակալը ևս անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ կա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հստակ հանձնարարականը՝ անել հնարավորը այսուհետ նման անցանկալի դեպքերը բացառելու ուղղությամբ։

«Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման դեպքերը և հետևողական է լինելու որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշել է Դավիթ Օհանյանը։

Ծանոթանալով բուժաշխատողների առաջարկներին ու խնդիրներին՝ Դերենիկ Դումանյանը հավելել է նաև, որ առաջիկայում ներկայացվելու է շտապօգնության նոր հայեցակարգը, որը էապես կնպաստի ոլորտի զարգացմանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն