Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Գրանդ Քենդի»-ի կոնֆետներում փորձաքննություն է անցկացրել, սակայն որդեր չի հայտնաբերել:
Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց Սննդամթերքի անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը. «Լաբորատոր փորձաքննությունն ավարտվել է, փորձաքննության ենթարկված կոնֆետներում ամեն ինչ եղել է նորմայի սահմաններում: Մակնշումը եղել է նորմալ, ժամկետանց չի եղել»:
Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչը կարող էր պատճառ դառնալ որդի հայտնաբերման համար, նա նշեց, որ միգուցե խախտված են եղել պահպանման պայմանները կամ կոնֆետը դրված է եղել ժամկետանց կամ որդնած ապրանքի կողքին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տվյալ խանութին ժամանակ է տրվել, որպեսզի պահպանման պայմաններում առկա որոշակի թերությունները շտկվեն: Նա նշեց, որ «Քրանդ Քենդի» գործարանում փորձաքննության կարիք չի եղել:
Հիշեցնենք, որ կոնֆետները փորձաքննության ենթարկելու որոշման համար հիմք էր ծառայել NewsBook կայքի այն հաղորդագրությունը, որ «Գրանդ Քենդի» ապրանքանիշի կոնֆետ գնած քաղաքացին դրանում որդ է հայտնաբերել և կոնֆետի լուսանկարն ուղարկել խմբագրություն: