ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են փոքր ՀԷԿ-երի առաջ բերած էկոլոգիական խնդիրները
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրավիրել է խորհրդակցություն «Փոքր ՀԷԿ-երի խնդիրնեը ՀՀ-ում» թեմայով: Խորհրդակցությանը մասնակցում էին փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, հանրապետության 22 ՓՀԷԿ-երի, ինչպես նաև խնդրով մտահոգ հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Նախարար Արամայիս Գրիգորյանը, ընդգծելով ՓՀԷԿ-երի գործունեության կարևորությունը էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, այնուամենայնիվ, նշել է, որ մենք այսօր ունենք լուրջ խնդիրներ, կան ՓՀԷԿ-եր, որոնք գործում են որոշակի նախագծային շեղումներով, չեն պահպանում սահմանված ՋԹ-ները /ջրի թույլտվություն/, չեն պահպանվում էկոլոգիական թողքերը և նշել է. «Մենք` որպես ոլորտի գործունեությունը կանոնակարգող լիազոր մարմին, նոր մոտեցումներ ենք ցուցաբերելու, առավել խիստ ենք լինելու խախտումների ու չարաշահումների նկատմամբ, ուստի հարկ համարեցի այսօր կազմակերպել նման խորհրդակցություն՝ լսելու համար նաև ձեր հարցերն ու առաջարկությունները ` կապված ոլորտի հետ»:
Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, շնորհակալություն է հայտնել չափազանց կարևոր հանդիպումը կազմակերպելու համար և իր խոսքում նշել, որ ՓՀԷԿ-երը ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար, ՀՀ զագացած ու կարևորագույն ոլորտներից մեկն է և պետք չէ առանձին դեպքերի բացթողումները տարածել բոլորի վրա և միանշանակ քննադատաբար մոտենալ ամբողջ ոլորտին. «Մենք պետք է հնարավորն անենք այս ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար, քանի որ մենք տեսել ենք 1990-ականների հոսանքազրկումները և գիտակցում ենք ՓՀԷԿ-երի կարևորությունը էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման համար: Այո, կան որոշակի խնդիրներ, որոնք վերջին տարիներին ավելի շատ կապված են սակավաջրության հետ և չի կարելի հարցերը միակողմանի դիտարկել»:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը և ՀՀ ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի Ժ/պ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել են իրենց մասնագիտական դիտողությունները և փոքր ՀԷԿ-երի նախագծման ու շահագործման ընթացքում վերանայման ու փոփոխության կարիք ունեցող դրույթները:
Մ. Քամալյանը մասնավորապես նշել է. «ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման ժամանակ ՀՀ ԲՆ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գործընթացի տարբեր փուլերում առաջանում են բնապահպանական լուրջ խնդիրներ, ոլորտը դարձել է բարձր ռիսկայնության, հասարակության դժգոհությունը գնալով մեծանում է: Վերջին 4 ամսում իրականացվել են 18 ՓՀԷԿ-երի ստուգումներ, կազմվել են 1,7 մլն դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ շրջական միջավայրին հասցրած վնասը հաշվարկվել է մոտ 474մլն դրամ: Թիրախային դաշտում են հայտնվել Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Լուռու մարզերի ՓՀԷԿ-երը»: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Մ. Քամայանն առաջարկել է իրականացնել ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ, այդ թվում` վերանայել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված էկոլոգիական թողքերի թույլատրելի ծավալները, հաշվի առնելով, որ էկոլոգիական թողքը պետք է հաշվարկվի` ելնելով կոնկրետ տվյալ ջրահավաք ավազանի էկոհամակարգի պահպանության կարիքներից` նկատի ունենալով տվյալ օբյեկտի էկոլոգիական առանձնահատկությունները /օրինակ` սահմանել ծավալները յուրաքանչյուր ամսվա համար կամ դադարեցնել այդ ամիսներին ՓՀԷԿ-երի աշխատանքները/ և այլն:
Բնապահպան Լևոն Գալստյանը բարձրացրել է էկոլոգիական թողքի ծավալների սահմանման վերանայման անհրաժեշտությունը, և կոչ արել ՓՀԷԿ-երի սեփականատերերին գործունեության ընթացքում վերանայել մոտեցումները, քանի որ հանրապետության մոտ 35 ՓՀԷԿ-երում իրենց /ՀԲՃ/ դիտարկումներով չեն պահպանվում էկոլոգիական թողքերը, ձկնանցարանները չոր են և այլն:
Եզրափակելով քննարկումը՝ նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ այսուհետ ԲՆ առավել խիստ վերահսկողություն է սահմանելու ՓՀԷԿ-երի գործունեության նկատմամբ՝ բնությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասները նվազագույնի հասցնելու նպատակով, ինչպես նաև նշել է, որ ջրաբաշխման մեջ առաջնահերթությունը տրվելու է ոռոգման նպատակով իրականացվող ջրբացթողումներին՝ հաշվի անելով տարվա սակավաջրությունը: Նախարարը հայտնել է նաև, որ ՀՀ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակում է նոր մեթոդ էկոլոգիական թողքերի սահմանման հարցում և առաջիկայում վերանայվելու են բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները՝ ոլորտը կանոնակարգելու և խախտումները նվազեցնելու նպատակով: