Նուբարաշենի աղբանոցի մասին բազմիցս է արձագանքվել, սակայն հարցը դեռևս շարունակում է խնդիր հանդիսանալ շրջակա միջավայրի ու բնակիչների համար: Այրված աղբի ծուխը զգալի է ոչ միայն Նուբարաշենի շրջակայքում, այլև Էրեբունի համայնքի ողջ տարածքում: Բնակիչները նշում են, որ օրվա տարբեր ժամերին ծուխն ու գարշահոտությունը ողողում են ողջ օդը: Տեղի բնակիչները շատ անգամներ բարձրաձայնել են խնդրի վերաբերյալ, սակայն, ապարդյուն: Սովետաշենի աղբանոց կոչվող տարածքից այրված աղբի ծուխն ու գարշահոտությունը շարունակում է տարածվել ողջ շրջանով:
Այս թեմայով Yerevannews-ի հետ զրույցում Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշեց, որ ոչ միայն Էրեբունու շրջանում, այլև ողջ Երևանում է տարածվում այդ ծխի գոյացությունը: «Մենք գիտենք, որ աղբի մեջ ամեն ինչ կա, և այն այրելուց հետո առաջանում են ոչ միայն վտանգավոր նյութեր, որոնք արդեն առկա են աղբի մեջ, այլ առաջանում են առավել վտանգավորները, ինչպիսին օրինակ դիօքսինն է»,- նշեց Հ. Սանասարյանը:
Վերջինիս խոսքով զարգացած երկրներում աղբը այրում են գործարաններում՝ հատուկ կլանիչ սարքերի միջոցով, որոնք կարող են թունավոր նյութերից զերծ պահել շրջակա միջավայրը և մարդկանց, իսկ մեզ մոտ աղբը այրում են բացօթյա միջավայրում, որը շատ մոտ է նաև մարդկանց:
«Թվում է, թե բոլորը պետք է շահագրգրռված լինեն այդ խնդրի լուծման վերաբերյալ, բայց հարց տվեք պատկան մարմիններին, ինչի են նրանք խանգարում, որ ճապոնացիները կարողանան Երևանում մեր աղբի խնդիրը լուծել կենսական ճանապարհով:Հայաստանի իշխանությունները նրանց ճանապարհները փակել են»,- նշեց բնապահպանը՝ հավելելով, որ եվրոպական երկրներում աղբի վերամշակման արդյունքում օգտակար նյութեր են ստանում ու հետագայում օգտագործում են դրանք:
Խնդրի վերաբերյալ մենք հարցում ենք կատարել Բնապահպանության նախարարություն, որը դեռ ընթացքի մեջ է: Պատասխանը կներկայացնենք ավելի ուշ: