«Շատ դրական փոփոխություններ կան քաղաքում: Հատկապես գարնանը, երբ ծաղիկն ու կանաչն աչք է շոյում: Մեծ դրական փոփոխություն եմ զգում քաղաքի աղբահանության հետ կապված: Սակայն մեծ է մեր հասարակության դերը Երևանը մաքուր պահելու կարևոր գործում: Պետք է աղբամանները նպատակային օգտագործեն: Ինքս մի քանի անգամ տեսել եմ լեցուն աղբամաններ, հենց տեղում ահազանգել եմ և շտապ եկել-մաքրել են»-, Երևանի արտաքին տեսքի, մաքրության ու այլ խնդիրների մասին իր մտահոգությամբ YerevanNews.am-ի հետ կիսվեց Անահիտ Բախշյանը:
Օգտվելով առիթից ցանկանում եմ մի առաջարկով դիմել քաղաքապետարանին. Դրամատիկական թատրոնի շենքի դիմաց՝ Իսահակյան փողոցի մայթին, աղբամաններ են դրված: Խնդրում եմ, որ այդ աղբամանների տեղը փոխեն, քանի որ պատշաճ չէ:
Երևանում չի փոխվում կամայականությունը թե՛ մեր քաղաքացիների կողմից, թե՛, որոշ դեպքերում նաև, քաղաքապետարանի, որը երբեմն աչք է փակում, կարծես չի տեսնում: Կոկրետ օրինակ բերեմ. 2014թ.-ի նոյեմբերին ահազանգ ստացա, որ Աջափնյակ համայնքի Հալաբյան 17 շենքի դիմաց ինչ-որ մեկը ապօրինի շինություն է կառուցել: Շտապ ահազանգեցի քաղաքապետարան, եկան քանդեցին: Երեկ տեղեկություն եմ ստանում, որ այդ նույն մարդը մի փոքր հեռու նախկին վայրից, կանաչ տարածության վրա քարե պարիսպ է կառուցել:
«Նորից ահազանգել եմ և վարչական շրջանի ղեկավար պարոն Սարգսյանը խոստացավ, որ կքանդեն: Ուզում եմ իմանալ, թե այդ քաղաքացին ինչի՞ վրա է հույս դրել, որ իր ապօրինի շինությունն արդեն մեկ անգամ քանդել եմ, բայց նա նորից ապօրինի շինություն է կառուցում, որը կրկին կքանդեն, բա հետո ի՞նչ է պատրաստվում անել և ինչու՞ քաղաքապետարանն այդ մարդուն չի զգուշացնում պատշաճ ձևով, որ այլևս նման բան չանի: Սկսում ես մտածել, որ եթե բողոքեն, կքանդեն, իսկ եթե չբողոքեն, ուրեմն չեն քանդի:
Օղակաձև զբոսայգում նույնպես ապօրինի շինություններ կան: Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ մի շինություն կա. այդ շինությունը չքանդվեց, հակառակը՝ 2013թ.-ին թույլտվություն տվեցին, որ մինչև 2015թ.-ը պետք է շինարարությունն ամբողջությամբ ավարտվեր: Իսկ հիմա դեռ ավարտված չէ»,- ասաց տիկին Բախշյանը: