Սննդի անվտանգության պետական ծառայությունն անընդհատ համագործակցության կոչ է անում, բայց արի ու տես, որ սպառողների պաշտպանության ոլորտում բազմամյա փորձ ունեցող հասարակական կազմակերպությունները և անհատները չեն կարողանում կապ հաստատել ՍԱՊԾ-ի հետ՝ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար:
«Զանգում եմ Սննդի անվտանգության պետական տեսչություն, երեք օր է նրանց չեմ կարողանում բռնացնել, որ պատասխանեն իմ հարցերին, թե ո՞վ է սերտիֆիկացրել, ո՞վ է ստուգել և թույլ տվել, որ այդ սնունդը մուտք գործի մանկապարտեզներ: Եթե սենց բաներ են լինում, ուրեմն անտերություն է»,- ասել է Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, շնորհավորում եմ երեխաներին և առողջություն եմ մաղթում բոլորին: Կարծես զուգադիպություն լինի, բայց այսօր նաև կաթի միջազգային օրն է, իսկ կաթի մասին վերջերս շատ է բարձրաձայնվում, սակայն ՍԱՊԾ-ն ամեն գնով փորձում է արդարացնել ոլորտում գոյություն ունեցող բացերը:
Կաթի փոշին դրել անվանել են անարատ չոր կաթ, որպեսզի այդ բառով մարդկանց ապացուցեն, թե կաթի փոշին ոչնչով չի տարբերվում անարատ կաթից, ավելին՝ տարբեր հաղորդումների ժամանակ էլ պնդում են, թե դա նույն բանն է: ՍԱՊԾ-ում, եթե գիրք չեն կարդում դա մեր մեղքը չէ: Միջազգային հեղինակավոր գիտնականների աշխատություններում նշված է, որ կաթի փոշիացման ժամանակ մի շարք օգտակար նյութեր քայքայվում և վերանում են:
Ապագայի մակնշմամբ կաթ է հայտնվում շուկայում: Օրինակ՝ այսօր հունիսի մեկն է, բայց հունիսի 3-ի արտադրության կաթ կարող է լինել խանութներում: Ասում են՝ վրիպակ է: Կաթը թթված է լինում կամ կտրվում է: Պատճառաբանում են՝ ձեր ամանն էր կեղտոտ: Եվ այսպես շարունակ: Ոչ մի դեպքում այս կառույցը չի ցանկանում պատասխանատվություն վերցնել իր վրա:
Հ.Գ. ՍԱՊԾ պետն ու ղեկավար կազմն իրավունք չունեն այսօր՝ երեխաների պաշտպանության օրը բարեմաղթանք հղեն երեխաներին, քանի դեռ չեն վերացրել թունավորման դեպքերը մանկապարտեզներում:
Հ.Գ.Գ. Արմեն Պողոսյանը թերևս ճիշտ է. այնտեղ անտերություն է:
Էդգար Խաչատրյան