Հունիսի 6-ը հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Նա և՛ ռուսական կոմպոզիտորական դպրոցի, և՛ հայ դասական երաժշտության ներկայացուցիչ է, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական:
Մանկությունը և պատանեկությունը անցկացրել է ցարական Թիֆլիսում՝ Կովկասի մշակութային բազմազգ մայրաքաղաքում, ապա 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Առանց սկզբնական երաժշտական գիտելիքների ընդգրկվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում։ Առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը», որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերով, վիրտուոզությամբ, իմպրովիզացիաներով և զգացական մեղեդիներով։
Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը։