Հայտնիները չեն կարող իրենք իրենց ծառայել, այդ պատճառով էլ նրանք ունեն օգնականների և ծառայողների մի ամբողջ թիմ: Սակայն այսօր վերջիններս աստղերի համար դարձել են իրական «պատուհաս», քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ աշխարհահռչակ արտիստը հայտնվում է մեղադրյալի աթոռին իր երեխաների նախկին դայակի, օգնական կամ թիկնապահի նախաձեռնությամբ:
Մրայա Քերի
Մրայա Քերիի երկվորյակների նախկին դայակը Մանհեթենի դաշնային դատարան է դիմել հայցով ընդդեմ իր նախկին աստղային տիրուհու: Ըստ դայակի, իր տիրուհին հրաժարվել է վճարել իր արտաժամյա աշխատանքի դիմաց: Բացի այդ, կամակոր Մրայան ստիպել է իր դայակին կատարել տան հետ կապված այլ աշխատանքներ և ի վերջո ազատել է աշխատանքից «երեխաներին չափազանց շատ սիրելու» պատճառաբանությամբ: Դայակի գնահատմամբ երգչուհին իրեն պարտք է մնացել 100 հազար դոլար:
Լեդի Գագա
2011թ. Լեդի Գագայի անձնական օգնականը որոշեց դատի տալ երգչուհուն և ստանալ նրանից 380 հազար դոլար: Մամուլին տված իր հարցազրույցում Ջեննիֆերը նշել է, որ կատարել է երգչուհու բոլոր քմահաճույքները, ուղեկցել նրան իր շրջագայությունների ողջ ընթացքում: Գագան, սակայն, հերքում էր ամեն ինչ և նշում, որ վերջինիս համարում էր իսկական ընկերուհի:
Նաոմի Քեմբել
Ճանաչված մարդկանց դեմ հարուցած դատական գործերի շարքում ամենահայտնիներից է Նաոմի Քեմբելի դեմ իր տնային տնտեսուհու հայցը: 42-ամյա աշխատողը դիմել է իրավապահ մարմիններին այն բանից հետո, երբ մոդելը զայրույթի պահին հեռախոսը նետել է վերջինիս գլխին: Արդյունքում դատարանը Նաոմիին դատապարտեց հինգ օրվա հասարակական աշխատանքների և 363 դոլարի: Պետք է ասել, որ սա սուպերմոդելի հետ կապված առաջին դեպքը չէր:
Ջեննիֆեր Լոպես
Լատինաամերիկյան մեգաաստղի վարորդ Հակոբ Մանուկյանը 2011թ. մեղադրեց նախկին գործատուներին մեքենայության, աշխատանքային պայմանագիրը խախտելու և աշխատանքից հարկադիր ազատման մեջ: Նա 6 տարի աշխատել է երգչուհու համար և ստացել տարեկան 200 հազար դոլար: Տարաձայնությունների պատճառը դարձել է երգչուհու մենեջերը՝ Մեննի Մեդինան, ով չէր հավանում վարորդին և երգչուհուն տրամադրել էր նրա դեմ: Արդյունքում՝ հայցվորը ազատվեց աշխատանքից և պահանջեց երգչուհուց նյութական և բարոյական փոխհատուցում:
Բրիթնի Սփիրս
Ամերիկյան փոփ-արքայադուստր Բրիթնի Սփիրսը ևս չի խուսափել սկանդալային դատական քաշքշուկներից: Նրա նախկին թիկնապահը մեղարդում էր վերջինիս սեռական բնույթի ոտնձգությունների մեջ: 29-ամյա երիտասարդը նշում էր, որ երգչուհու ամենասիրելի զբաղմունքներից մեկը բոլորովին մերկ իր աչքերի առաջ հայնտվելն էր, որով փորձում էր հասնել իր ուզածին:
Ջասթին Բիբեր
Առավել թարմ օրինակ է կանադացի երգչի և իր թիկնապահի տարաձայնությունները: Իսրայելական բանակի նախկին զինծառայողը դատի էր տվել պատանի միլիոնատիրոջը այն բանից հետո, երբ վերջինս վիրավորել, այնուհետև մի քանի անգամ հարվածել էր իր կրծքավանդակին: Իհարկե, բանը չհասավ դատական երկարատև գործընթացին, քանի որ երգիչը կարողացավ ամեն ինչ հարթել խաղաղ ճանապարհով:
Ջոն Տրավոլտա
Դերասանի բախտն իրավամբ չի բերում մերսողների հետ: Այս ոլորտի երեք ներկայացուցիչներ միանգամից միահամուռ ուժերով դատի տվեցին դերասանին՝ մեղադրելով վերջինիս սեռական ոտնձգությունների մեջ: Հայցվորներից մեկը նշում էր, որ դերասանը անհանգստացրել է իրեն մերսման սեանսի ժամանակ, մյուսի պարագայում՝ ռեստորանում՝ ընթրիքի ժամանակ: Իսկ երրորդը ճամփորդության ժամանակ նավի վրա աշխատող մերսողն էր, ում ոչ ավանդական լիցքաթափող մերսման համար Տրավոլտան, իբրև թե, առաջարկել էր 12 հազար դոլար: Սակայն օգուտ քաղել այդ դատական գործընթացից ոչ մեկին էլ չհաջողվեց: Տրավոլտան հաղթեց դատը: