«Բնապահպաններն ահազանգում էին, որ այն ինչ անում ենք բնությանը, նա մի օր կպատասխանի, պարզապես հոշոտում ենք բնությունը, իսկ հայերը այդ հարցում առաջին շարքերում են»,- ասաց Կարինե Դանիելյանը և ավելացրեց, որ մարդկանց բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն կանխարգելմանը և ադապտացմանը, ինչի հարցում մեծ դեր ունեն քաղաքները:

Կարինե Դանիելյանը նկատեց, որ Երևանում ամենախոցելի հատվածը կենտրոնն է: Բնապահպանը դրական համարեց, որ մշակվել է Երևանի կենտրոնի կառուցապատման օրենքի հայեցակարգ, որին իրենք էլ են մասնակցել, և իրենց առաջարկությունները թեև սահմանափակումներով ընդունվել են:

Անդրադառնալով կանաչապատմանը՝ նա նշեց, որ բակային կանաչապատ տարածքների խնդիրը վերահսկելու հարցը շատ բարդ է:

«Հայ կանայք` հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փոխնախագահ, փորձագետ Լիլիկ Սիմոնյանն անդրադառնալով հանրապետության ջրամատակարարմանը, նշեց, որ եղել են դեպքեր, երբ ջրամատակարարման աղբյուրներից ջուրը մաքուր դուրս է գալիս, իսկ մինչ հասնում է բնակիչներին աղտոտվում է: Նա դրա առաջին խնդիրը ջրագծերը համարեց, և նկատեց, որ այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ են տարվել: «Խնդիրը նաև այն է, որ ջրագծերի սպասարկումը մի քիչ առանձնացված է, մի մասը մինչ շենքերը հասնելն է «պատասխանատվություն» կրում, իսկ մյուս մասը՝ շենքերի ներսում»,-ասաց նա: