Հայաստանում այսօր կան գազալցակայաններ, որոնք փորձաքննություն չեն անցել. Այսօր Տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները թեմայով ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:
Միաժամանակ նա վստահեցրեց, թե մինչև դեկտեմբերի վերջ առանց փորձաքննության անցնելու գազալցակայան չի մնա:
«Վստահ եմ, 100%-ով, որ մինչև դեկտեմբերի վերջ բոլոր գազալցակայանները փորձաքննություն անցնելու են, ուղղակի նրանց մեկ տարի ժամանակ էր տված: Ինչին-ինչին, բայց գազալցակայանները վստահ եմ, որ փորձաքննություն անցել են և կանցնեն»,-ասաց նա:
Հուսանք գոնե այս տարի կիրականացվի մի բան, որն օրենքի սահմաններում պարտադիր է։ ՀՀ-ում այլևս չեն շահագործվի փորձաքննություն չանցած գազալցակայաններ։ Արդեն տարիներ շարունակ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների թերացումների պատճառով պայթյուններ են տեղի ունենում ու մարդկային կյանքեր կործանվում։
Գազալցակայաններում անընդհատ առկա ու նույնիսկ ողբերգություններով ավարտված խնդիրներն այդպես էլ դաս չեղան, ոչ քաղաքացիների համար, առավել ևս, լուրջ արձագանք չունեցան պատասխանատուների կողմից։
Եղածը լոկ բառեր էին, բորբոքված հասարակությանը մի պահ լռեցնելու և համոզելու համար։
Հիշեցնենք, որ մայիսյան դեպքերից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեց, թե վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների հետ կապված ինչ ուսումնասիրություններ ու նախաձեռնություններ են իրականացրել։
Նախարարը պատասխանեց, որ Արմավիրի մարզում գտնվող գազալցակայանը, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, 6 ամիս առաջ տուգանվել է 1 մլն դրամով, հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ, որոնք ընկերությունը պետք է վերացներ։
Բայց թե ով պետք է հետևեր այս ամենի վերացմանը, այդպես էլ հայտնի չէ: Այդպես էլ որևէ մեկը քաղաքկան ասպարեզից պատասխաննատվություն չկրեց... և անգամ պատկերը չփոխվեց:
Ի՞նչ արեցին ոլորտի ներկայացուցիչներն ու պատասխանատուները լուծում տալու փոխարեն։ Միանգամից սկսեցին մեղադրել վարորդներին։ Իսկ նույն վարորդը, իր մեքենան և բալոնը ինչու՞ չեն վերահսկվում։
Կամ ընդամենը տուգանել գազալցակայանին,, դառնու՞մ է հարցի լուծում։ Իսկ տուգանելուց հետո, պարոն Երիցյա՛ն, գնացի՞ք պարզելու բան փոխվել է, թե ոչ, թե կարևորը էտ 1 մլն.-ն էր։
Իսկ մենք հետամուտ կլինենք խնդրի լուծմանն ու այսօր հնչեցրած խոստման իրականացմանը և կլուսաբանենք...