Ոստիկանությունը կոչված է պաշտպանելու քաղաքացու իրավունքը, ոստիկանը պարտավոր է ղեկավարվել օրենքով ու Սահմանադրությամբ, նրա ցանկացած քայլ պետք է լինի օրինական։ Այս պնդման հետ համաձայն պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացի: Նման դեպքերը նպաստում են՝ որ հասարակությունը կորցնի վստահություն ՀՀ ոստիկանների և ամբողջ համակարգի նկատմամբ:

Քիչ առաջ YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) լրագրողը ականատես եղավ, մեղմ ասած արտառոց և ցավալի միջադեպի: Լրագրողին անհայտ պատճառով ՀՀ ոստիկանական համակարգի մասնիկ հանդիսացող, ճանապարհային ոստիկանության ծառայողը, բառի ամենաուղիղ իմաստով, հարվածեց երթուղայինի վարորդին՝ տասնյակ ականատեսների առջև: 

Դեպքը պատահել է Տիգրան Մեծ հասցեում գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց գտնվող երթուղային մեքենաների համար նախատեսված կանգառում: 14 համարի երթուղու վարորդը հավանաբար հակառակվել էր իր պատուհանի մոտ կանգնած ՃՈ ծառայողին, ով ուղևորների և շրջակայքում գտնվող տասնյակ մարդկանց աչքի առջև հարվածեց վարորդին՝ փողոցային ժարգոնով շարունակելով խոսակցությունը. «Իմացի ոնց ես խոսում, արա՛: Իջի, արի, ստեղ կանգնած ենք...»,- բղավում էր ոստիկանը, իսկ վարորդը, ով ինչպես և ոստիկանը երիտասարդ էր, փորձում էր դուրս գալ մեքենայից, սակայն հարվածող ոստիկանի ծառայակիցը չէր թողնում նրան՝ ևս ճնշում գործադրելով քաղաքացու վրա: 

Բորբոքված «օրենքի պաշտպանը» շարունակում էր բղավել. «Մինչև 4-ը ստեղ կանգնած ենք, արա՛: Կգաս...»:

Սա ոստիկանի անցանկալի պատկերն է...  փողոցային, ժարգոնային, «քուչի տղու» մակարդակի ոստիկանների առկայությունը համակարգում անթույլատրելի է: Նման ոստիկանները չեն բավարարվում հայհոյանքներով,  ձեռք են բարձրացնում և բռնություն կիրառում ՀՀ քաղաքացու նկատմամբ, ով պաշտպանված չէ համազգեստով ու մահակով:

ՀՀ Ոստիկանության համապատասխան վարչությանը խնդրում ենք անմիջապես արձագանքել այս միջադեպին և պատժել քաղաքացու նկատմամբ բռնության գործադրած ոստիկանին՝ օրենքի ամբողջ ուժով: