Հուլիսի 7-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։

Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական և հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերը, ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկվեցին ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։
Հուլիսի 6-ին «YerevanNews.am» կայքում հոդված էր հրապարակվել, ըստ որի՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց գտնվող կանգառում ճանապարհային ոստիկանության ծառայողն ապտակել է թիվ 14 երթուղայինի վարորդին։

Ոստիկանության պետի հանձնարարականով՝ ներքին անվտանգության վարչությունում քննություն էր սկսվել, որի արդյունքում պարզվել է, որ միջադեպի մասնակիցը ոչ թե ճանապարհային ոստիկանության, այլ պարեկապահակետային ծառայության գնդի ծառայող է։ Ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 1-ին վաշտի ոստիկան, ոստիկանության սերժանտ Արտյոմ Ռուստամյանը հուլիսի 6-ին, ժամը 9.00-ից 17.00-ն, ծառայության է եղել Տիգրան Մեծի պողոտայի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի կանգառում։

Ժամը 12.45-ի սահմաններում, թյուրըմբռնման հետևանքով, վիճաբանություն է սկսվել թիվ 14 երթուղու վարորդ Արթուր Ղ.-ի և ՊՊԾ ոստիկան Արտյոմ Ռուստամյանի միջև։ Չցուցաբերելով զսպվածություն և դրսևորելով ոստիկանին ոչ վայել վարքագիծ, օրենքով սահմանված կարգով միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն՝ ՊՊԾ ոստիկան Արտյոմ Ռուստամյանը, ի պատասխան վարորդի կոպիտ արտահայտություններին, ներքաշվել է վիճաբանության մեջ, հրել է վարորդի՝ իրեն ուղղված ձեռքը, որի ընթացքում իր ձեռքը պատահաբար դիպել է վարորդի դեմքին: Տեղեկանալով կատարվածի մասին՝ դասակի հրամանատարը վարորդին պարզաբանել է միջադեպի մասին ոստիկանությունում հաղորդում տալու կարգը, սակայն նա հրաժարվել է հաղորդում տալուց։

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, որը կոչված է ապահովելու ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ վերահսկողություն և առաջնորդվում է հրապարակային, թափանցիկ գործելաոճով, պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։
Զսպվածություն չցուցաբերելու, քաղաքացու հետ վիճաբանության մեջ ներքաշվելու, իր գործողություններով ու վարքագծով ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար՝ ոստիկանության պետի հրամանով Արտյոմ Ռուստամյանը հեռացվել է համակարգից։

YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) շնորհակալություն է հայտնում արագ արձագանքելու խնդրին օպերատիվ կերպով լուծում տալու համար: