Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսներին կարմիրբանակայինները ջախջախիչ պարտություն կրեցին. անընդհատ նահանջում էին, գերիներ էին տալիս և այլն: Սակայն ոչ բոլոր վայրերում էին գերմանական զորքերը հեշտությամբ թափանցում Սովետական Միության տարածք: Նրանք հաճախ հանդիպում էին կատաղի դիմադրության և հուսահատ կերպով ետ քաշվում: Պատերազմի ողջ ընթացքում վերմախտն այդպես էլ չկարողացավ հատել ԽՍՀՄ սահմանը՝ շնորհիվ այնտեղ ծառայող զինվորների պատրաստվածության ու խիզախության: Այդ վայրը կոչվում է Մուստա-Տունտուրի:
Մուստա-Տունտուրին լեռնաշղթա է, որն ընկած է Սրեդնիյ թերակղզու և մայրցամաքի միջև: Եթե ֆիններենից թարգմանենք անվանումը, ապա կստացվի «սև տունդրա», սակայն Հայրենական պատերազմից հետո լեռնաշղթան ևս մեկ անվանում ձեռք բերեց՝ «Մահվան հովիտ»: 1941-1944 թթ. այստեղ տեղի ունեցած մարտական գործողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի հյուսիսային թատրաբեմն էին համարվում:
Մուստա-Տունտուրիում պատերազմն ի սկզբանե այլ բնույթ էր կրում: Առաջին հերթին՝ այն սկսվել էր մեկ շաբաթ ուշ՝ 1941 թ. հունիսի 29-ին: Լեռնաշղթայի պահապանները յոթ օր շարունակ սպասում էին թշնամու հայտնվելուն՝ զբաղեցնելով անհրաժեշտ դիրքերն ու տեղեկություններ ստանալով այլ դիրքերից: Մարտիկները հիշում են, թե ինչպիսի վատ զգացողություն էր գիտակցելը, որ ողջ երկրում պատերազմ է ընթանում, Կարմիր բանակը նահանջում է, իսկ Մուստա-Տունտուրիում լռությունն ու հանգստությունն է տիրում, և միայն ճայերն են ձայներ արձակում ծովի վրա:
Ջախջախելու համար լեռնաշղթայի պահապաններին գերմանական հրամանատարությունը հատուկ լեռնային կորպուս «Նորվեգիան» ընտրեց, որի կազմի մեջ մտնում էին փորձառու ավստրացի լեռնազորայիններ: Երկրորդ շաբաթվա ընթացքում գերմանացիները հանկարածակի հարձակման ենթարկվեցին 135-րդ զորքի կողմից՝ հետ մղվելով դեպի լեռնաշղթայի հյուսիսային հատվածներ: Դրանից հետո երեք տարի շարունակ Մուստա-Տունտուրիում արյունահեղ կռիվներ էին ընթանում: Գերմանացիներն ամեն կերպ փորձում էին Սրեդնիկ թերակղզի մտնել, որպեսզի իրենց համար ճանապարհ բացեն դեպի Մուրմանսկի նավահանգիստ, ուր հաստատվել էր հյուսիսային նավատորմը: Երեք տարիների ընթացքում կրակոցները մի պահ անգամ չեն դադարել: Սակայն այստեղ հաստատված ԽՍՀՄ զորքերը Մուստա-Տունտուրին միակ վայրը դարձրին, որի սահմանը գերմանացիներին չհաջողվեց հատել ողջ պատերազմ ընթացքում:
1944 թ. գերմանական զորքերն արդեն չէին էլ մտածում հարձակման մասին, այլ միայն պաշտպանվում էին: Նույն թվականի հոկտեմբերի 10-ին Կարմիր բանակը դուրս շպրտեց գերմանական գնդերին Մուստա-Տունտուրիից՝ աննկարագրելի խիզախություն ու տղամարդկություն ցուցաբերելով: Հարձակման ընթացքում նրանցից չորսը նետվեցին դեպի թշնամին՝ ընկերների համար ճանապարհ բացելով:
1944 թ. Արկտիկան ամբողջապես ազատվեց գեմանական զորքերից և ավարտվեց նաև Մուստա-Տունտուրիի պաշտպանությունը: Պատմության մեջ միշտ վառ կմնա այստեղ կռված զինվորների արարքը: