Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Երեկ գերմանական պատվիրակությունը Վրաստանում էր, որտեղ Մերկելն աներկբա աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Ինչպես 10 տարի առաջ ռուս-վրացական պատերազմից հետո, այժմ եւս Մերկելը Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս բերել Աբխազիայից եւ Հարավային Օսիայից:
Մերկելն աջակցություն է հայտնել նաեւ Վրաստանի եվրատլանտյան կողմնորոշմանը՝ ընդգծելով վիզային ռեժիմի պարզեցման կարեւորությունը: Նա ասել է, որ Գերմանիան միշտ աջակցելու է Վրաստանի եվրոպական ձգտմանը: Գերմանիայի կանցլերը, սակայն, լռել է ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության ժամկետների հարցում:
Անգելա Մերկելը Հայաստանում այցելելու է Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայտնի չէ արդյոք Մերկելը կասի ցեղասպանություն բառը, սակայն, Թուրքիան արդեն անհանգստություն է հայտնել այս կապակցությամբ: Հատկանշական է, որ մինչ Մերկելը Երեւանում բանակցելու է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հետ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մեկնել է Մոսկվա Սերգեյ Լավրովի հետ զրուցելու:
Թուրք-ամերիկյան վատթարացող հարաբերությունների ֆոնին թուրքական մամուլն սկսել է ավելի հաճախ գրել, որ տարածաշրջանում «անջատականության» հաջորդ օջախը Թուրքիան է դառնալու: Անկարայում անհանգստացած են սեփական տարածքային ամբողջականության ամրության առումով, եւ Թուրքիան փորձում է դաշնակցել Ռուսաստանի հետ, որի հետ հայկական տարածքների բաժանման 100-ամյա պայմանագիր ունի: Այս համատեքստում Մերկելը կխոսի՞ Հայոց ցեղասպանության մասին:
Մերկելը Երեւանից կմեկնի Բաքու, որտեղ, ըստ լրատվամիջոցների, խոսելու է կասպիական գազի մասին: Սակայն այցից առաջ Բաքուն արգելել է գերմանական պատվիրակության անդամ պատգամավորի մուտքն Ադրբեջան, որովհետեւ նա եղել է Ղարաբաղում: Սրանով Բաքուն ցուցադրում է իր տարածքային ամբողջականության հարցն առաջ տանելու վճռականությունը: Դժվար է ասել, սակայն, արդյոք Մերկելը Բաքվում միանշանակ կխոսի տարածքային ամբողջականության մասին, ինչպես ասել է Վրաստանի դեպքում: Մինչեւ հիմա արեւմտյան առաջնորդները շեշտել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք սկզբունքները, որտեղ տարածքային ամբողջականությունը հավասարակշռվում է ինքնորոշման իրավունքով եւ հակամարտությունն ուժով կարգավորելուց հրաժարվելով:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am