Նուռը ուժեղացնում է իմունային համակարգը, ունի լուրջ հակաբորբոքային և հակաքաղցկեղային ազդեցություն և կարող է նույնիսկ կանխել տկարամտության վաղ զարգացումը: Սննդաբան Ելենա Սոլոմատինան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է պտղի օգտակար հատկությունների մասին:

Ըստ սննդաբանի՝ նուռ ուտելն ուժեղացնում է իմունային համակարգը, բարձրացնում մարմնի ընդհանուր տոնուսը և օգնում խուսափել լուրջ հիվանդություններից:

«Նուռը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և թթուներ, որոնք ունեն բորբոքումները նվազեցնող վառ արտահայտված հատկություն: Նուռը կանխում է սրտանոթային համակարգի բջիջների ոչնչացումը, օգնում է բարելավել դրա վիճակը և խուսափել լուրջ հիվանդություններից, ինչպիսիք են սրտի կաթվածը, ուղեղի կաթվածը, նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցմանը: Եղել են ուսումնասիրություններ արյան անոթների, մասնավորապես ՝ ուղեղի և Ալցհեյմերի հիվանդության դեգեներատիվ փոփոխությունների հետ կապված հիվանդությունների վերաբերյալ: Այսինքն նուռը կարող է կանխել տկարամտության վաղ զարգացումը: Նուռն ունի նաև բավականին լուրջ հակատուռուցքային ազդեցություն, հատկապես կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված,- ասել է Ելենա Սոլոմատինան:

Նրա խոսքով, նռան օգտակար հատկությունները կգործեն պայմանով, որ մարդն այն ամեն օր օգտագործի: Չափաբաժինը չպետք է մեծ լինի, 30 գրամ նռան հյութը կամ նռան քառորդ մասը բավարար է: Չարաշահելը, հատկապես հյութը, չարժե, դա կարող է տհաճ հետևանքներ ունենալ աղեստամոքսային համակարգի համար, բացատրել է բժիշկը:


«Օրգանական թթուները կարող են գրգռել աղեստամոքսային համակարգը և սրացում առաջացնել, եթե արդեն որոշակի խնդիրներ կան: Նուռը կարող է նաև բացասաբար ազդել ատամների էմալի վրա: Ավելի լավ է հյութը ջրով նոսրացնել կամ ձողիկի միջոցով խմել, իսկ դրանից հետո անպայման ողողել բերանի խոռոչը», – ասել է Ելենա Սոլոմատինան:
Նռներ գնելիս պետք է ընտրեք հասած պտուղներ, նրանց «պսակը» պետք է լինի չոր, առանց բորբոսի հետքերի:

«Կճեպը պետք է հեշտությամբ կլպվի: Ավելի ծանր պտուղը ավելի հյութեղ կլինի: Կարող եք ուտել կորիզներով. հակացուցումներ չկան», – Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է Ելենա Սոլոմատինան: