Հունիսի 3-ից կինոթատրոններում ցուցադրվելու է «Չներվածները» նոր գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր հերոսուհին երիտասարդ և տաղանդավոր դերասանուհի Լուսինե Իսպիրյանն է:

YN.am-ը պրեմիերայի նախաշեմին զրուցեց հմայիչ դերասանուհու հետ:

Նշենք, որ «Չներվածները» Լուսինե Իսպիրյանի դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է, որում մարմնավորած իր կերպարը դերասանուհին նկարագրեց այսպես.

«Ֆիլմում իմ կերպարը հիվանդ քույր, բանտում գտնվող սիրած տղա և այլ խնդիրներ ունեցող հասարակ աղջիկ է, ով ի վերջո իր համարձակության շնորհիվ սեփական ուժերով կարողանում է հաղթահարել բոլոր դժվարությունները և լուծել իր խնդիրները:

Բնույթով Նանեի կերպարն ու ես նմանություններ ունենք, բայց ոչ ամբողջությամբ: Նա ավելի համարձակ է, ինչպիսին կցանկանայի լինել ինքս»:

Լուսինեն խոսեց նաև մեծ կինո կատարած առաջին քայլի դժվարությունների մասին և նշեց, որ առաջին հերթին մեծ պատասխանատվություն և անհանգստություն էր զգում:

Իսկ այժմ, երբ նկարահանումներն ավարտված են և ֆիլմը պատրաստ է ցուցադրման, զգում է, թե որքան մեծ փորձ ձեռք բերեց և վստահ է, որ հաջորդ անգամ շատ ավելի հեշտությամբ է կատարելու իր աշխատանքը: