Վաղը՝ հունիսի 3-ին, տեղի կունենա «Չներվածներ» նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի սցենարի հեղինակը, ռեժիսորը, պրոդյուսերը և գլխավոր հերոսը տաղանդաշատ երիտասարդ արվեստագետ Տիգրան Նալչաջյանն է, ով հանդիսանում է նաև ֆիլմի նկարահանումներն իրականացրած «Սթեյջ 7» ստուդիայի հիմնադիրը:

YN.am-ը հյուրընկալեց Տիգրան Նալչաջյանին և զրույցի ընթացքում պարզեց «Չներվածները» ֆիլմի մտահղացման, նախապատրաստական աշխատանքների և իրագործման մանրամասները:

«Չներվածները» ֆիլմի սցենարի նախնական տարբերակը եղել է կարճամետրաժ՝ մոտ 40-45 րոպե, որի հիման վրա մի քանի ամիս աշխատեցինք և ստացանք լիամետրաժ ֆիլմի սցենար: Ռեժիսորի փնտրտուքներն անհաջող անցան, որովհետև այն ռեժիսորները, որոնց ես նախընտրում էի, զբաղված էին և ժամկետային առումով չկարողացանք համապատասխանեցնել, իսկ մի քանիսի հետ պարզապես չցանկացա համագործակցել, քանի որ հասկացա, որ իմ սցենարը ես ավելի հաջող կարող եմ իրագործել: Հենց դա էր ռեժիսուրան ստանձնելու հիմնական պատճառը:

Տիգրանը հատուկ նշեց փորձառու օպերատոր Վահե Տերտերյանի, հնչունային օպերատոր Գրիգոր Փիլոյանի, երկրորդ օպերատոր և մոնտաժի հեղինակ Պետիկ Ավետիսյանի կատարած աշխատանքները, որոնց բարձրակարգ աշխատանքի շնորհիվ կարողացել են լավ արդյունք ստանալ:

Ֆիլմը գլոբալ առումով դրամա է, որում առկա են նաև կրիմինալ, մարտական տեսարաններ և սիրո գեղեցիկ պատմություն: 1-2 տեսարանի պատճառով Մոսկվա կինոթատրոնի չափանիշներով տարիքային սահմանափակումը 16+ է, իսկ դա նշանակում է, որ և՛ պատանիները, և՛ երիտասարդները, և ընտանիքներով մարդիկ կարող են հաճախել կինոթատրոն և դիտել ֆիլմը: